ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի համար հասկանալի չէ, թե որն է «Շահութահարկի մասին ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրինագծի հրատապ քննարկման պատճառը:
«Այդ ի՞նչ հրատապ անհրաժեշտություն է առաջացել, որ 24 ժամվա մեջ պիտի ընդունվի այդ օրենքը: Ուզում եմ հասկանալ՝ ի՞նչ կփոխվի, եթե չընդունենք այն, և ի՞նչ է փոխվել, որ հունիսին այն օրակարգային չէր, սակայն այսօր հրատապ քննարկման անհրաժեշտություն է առաջացել»,- ասաց նա:
ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Սուրեն Կարայանը նշեց, որ նման անհրաժեշտություն է առաջացել տարբեր երկրների հետ խորհրդակցության արդյունքում: «Աշնանը մենք պետք է արդեն սկսենք բանակցությունները: Այդ է պատճառը, որ այն համարում ենք կարևոր: Եթե այս օրենքը չընդունվի, ապա ներդրումներ կանեն միայն այն ռեզիդենտ կազմակերպությունները, որոնց հետ ունենք ռեզիդենտության պայմանագրեր, իսկ մյուսները կընկնեն կրկնակի հարկման տակ»,- ասաց նա:
Տոկոսադրույքների չափի մասին խոսելը Կարայանը վաղ համարեց՝ նշելով, որ քանի դեռ թողարկումներ չեն սկսվել, դեռ չեն կարող խոսել: Փոխնախարարը նկատեց, որ Հայաստանի արտաքին պարտքը չի համարվում մեծ: «Ուղղակի որքան աճում է ՀՆԱ-ն, մենք սովորաբար դրսից ռեսուրսներ ենք ներգրավում: Դա չի նշանակում, թե արտաքին պարտքը աճում է: Հայաստանի արտաքին պարտքը ՀՆԱ-ի նկատմամբ կազմում է 40 տոկոս, մինչդեռ ռիսկային է համարվում 60 տոկոսը»,- ասաց նա:
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը նշեց, որ հանձնաժողովը քննարկել է օրինագիծը և դրական եզրակացության եկել: «Մենք այսպիսով ստեղծում ենք պայմաններ՝ մեր տնտեսությունում լրացուցիչ ներդրումների ներհոսքի համար, հնարավորություն ենք ստեղծում ավելի լայնածավալ կազմակերպությունների, շուկայի նոր խաղացողների ներգրավվել»,- ասաց նա:
Նշենք, որ օրինագծի կարգավորման նպատակը ոչ ռեզիդենտ կազմակերպությունների կողմից ՀՀ պետական արտարժութային պարտատոմսերում կատարվող ներդրումների դիմաց ստացվող եկամուտները շահութահարկից ազատելն է:






































