Այսօր «Նախախորհրդարանի» անդամ Կարո Եղնուկյանը նամակով դիմել է ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին և ՀՀ Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանին՝ նշելով, որ արդեն հինգերորդ օրն է՝ Փակ շուկայի ճակատային հատվածում փակցված է իր նկարով մեծադիր պաստառ, որի վրա գրված են՝ «մասոն», «ո՛չ վարձու ընդդիմախոսներին, ո՛չ օտարերկրյա լրտեսներին, ո՛չ գրանտակերներին. դուք դեմ եք 700 աշխատատեղերի ստեղծմանը»: Նպատակը իր նկատմամբ ատելություն, խտրականություն և բռնություն հրահրելն է: Նամակում նա նաև նշել է, որ սեպտեմբերի 5-ի երեկոյան իր բնակության շենքի մոտ հարձակում է տեղի ունեցել երկու անձանց վրա, որոնց դիմել են «ախպա՞ր ես» արտահայտությամբ։
«Կարծում եմ՝ նկատի են ունեցել իմ ներգաղթյալ լինելու հանգամանքը։ Այս հարձակման` իմ անձի դեմ ուղղված լինելու մասին է վկայում նաև այն փաստը, որ հարձակման ենթարկվածներից մեկը` Հայկակ Արշամյանը, ապրում է Զաքյան 3 շենքի 37 բնակարանում: Իմ բնակարանի համարը նույն 37-ն է, նույն Զաքյան փողոցի 8-րդ շենքում, ինչը փաստում է, որ հարձակվողներն ընդամենը շփոթել են շենքի համարը»,- նշել է Եղնուկյանը՝ պահանջելով օրենքով սահմանված կարգով միջոցներ ձեռնարկել իր և իր ընտանիքի անդամների ֆիզիկական անվտանգությունն ապահովելու համար:
«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում քաղաքացիական ակտիվիստ, Երևանի մամուլի ակումբի ծրագրերի համակարգող, «Թրանսփարենսի Ինթերնեշընլ» հակակոռուպցիոն կենտրոնի անդամ Հայկակ Արշամյանը նշեց, որ հարձակումը հենց իր ու իր ընկերոջ՝ Սուրեն Սաղաթելյանի նկատմամբ է իրականացվել՝ հավելելով, որ իր բնակարանը Զաքյան փողոցում չէ, ավելին՝ բնակարանի համարը 37 չէ:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 5-ին անհայտ անձանց կողմից ծեծի են ենթարկվել քաղաքացիական ակտիվիստներ Հայկակ Արշամյանը և Սուրեն Սաղաթելյանը:







































