ԱՄՆ-ը կարող է կանխարգելիչ հարված հասցնել Հյուսիսային Կորեային՝ միջուկային զենքի հերթական փորձարկումը կանխելու համար։ Այս մասին հայտնում է NBC հեռուստաալիքը։
Հեռուստաալիքի տվյալներով՝ ԱՄՆ հետախուզությունը համոզված է, որ Փխենյանը պատրաստվում է հերթական միջուկային փորձարկումներն անցկացնել արդեն այս հանգստյան օրերին։
Հյուսիսային Կորեայի հերթական հրթիռային փորձարկումից հետո մեկ շաբաթվա ընթացքում Հյուսիսային Կորեային ԱՄՆ-ի կողմից հնարավոր հարված հասցնելը դարձել է քննարկման գլխավոր թեմա աշխարհում և Ասիայում։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ավելի վաղ հայտարարել էր, որ դիտարկվում են Հյուսիսային Կորեայի վրա ազդելու բոլոր տարբերակները։
Ավելի վաղ հաղորդել էր, որ ԱՄՆ-ը Կորեական թերակղզու ափերի մոտ է ուղարկել «Կառլ Վինսոն» ավիակրի գլխավորությամբ հարվածային ավիակիր խումբ։
Պենտագոնում հրաժարվել են քննարկել ամերիկյան ԶԼՄ-ների տեղեկությունն այն մասին, որ ԱՄՆ-ը պատրաստ է կանխարգելիչ հարված հասցնել Հյուսիսային Կորեային, սակայն չեն բացառել նման հնարավորությունը՝ հայտնում է Reuters-ը։
Պենտագոնում ընդգծել են, որ հրապարակավ չեն քննարկում ապագա ռազմական գործողությունները։
«Հրամանատարական կազմը մշտապես դիտարկում է հնարավորությունների ողջ սպեկտրը՝ ցանկացած անկանխատեսելի հարգամանքներում պաշտպանության համար»,-ասել է ԱՄՆ ռազմական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Դանա Ուայթը։
Նա հավելել է, որ ԱՄՆ-ի հանձնառությունը տարածաշրջանում դաշինակիցների՝ Հարավային Կորեայի և Ճապոնիայի պաշտպանությանը, մնում է անսասան։










































