ԱՄՆ Սենատը կքննարկի Սիրիայի հարցով բանաձևի նախագիծը: Քվեարկությունը տեղի կունենա սեպտեմբերի 11-ին: Այս մասին հաղորդում է Politico թերթը:
Ավելի վաղ վերոնշյալ բանաձևը, որն ԱՄՆ վարչակազմին իրավունք է տալիս Սիրիային ռազմական հարված հասցնել, հավանության էր արժանացել Սենատի համապատասխան կոմիտեի կողմից: Օրինական ուժ ստանալու համար բանաձևը պետք է հավանության արժանացնի նաև Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը:
Ներկայացուցիչների պալատում պատրաստվում են առնվազն 2 այլընտրանքային փաստաթղթեր:
ԱՄՆ Սենատում դեմոկրատական մեծամասնության առաջնորդ Հարի Ռիդը պատրաստվում է սեպտեմբերի 11-ին քվեարկության դնել Սիրիայի հարցով բանավեճերի ավարտի քննարկման հարցը: Ներկայացուցիչների պալատում, սակայն, Հանրապետական կուսակցության շատ անդամներ չեն թաքցնում, որ հավանության չեն արժանացնում Սիրիայի վերաբերյալ բանաձևի նախագիծն իր ներկայիս տեսքով: Այս հարցի շուրջ միասնական կարծիք չկա նաև դեմոկրատների շրջանում:









































