Ապրիլի 13-ին, ժամը 09:38-ին ՀՀ ԱԻՆ տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Ֆրանսիական միջազգային դպրոցի 2-րդ հարկի պատի երկայնքով առաջացել է ճեղք:
Երևանի Ֆրանսիական միջազգային դպրոցի շենքի պատին առաջացած ճաքերը որևէ վտանգ չեն ներկայացնում և անհանգստանալու կարիք չկա: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻ նախարարությունից՝ հավելելով, որ առավոտյան դեպքի վայր մեկնած մասնագետները պարզել են, որ երկհարկանի դպրոցի տանիքում՝ շինարարական աշխատանքներ կատարելու հետևանքով, առաստաղից ծեփ է թափվել և առաջացել են մանր ճաքեր:
ՀՀ ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության արևմտյան ծառայություն» ՊՈԱԿ-ի կառույցների սեյսմակայունության կենտրոնի պետ Զ. Խլղաթյանը տեղում ուսումնասիրելով իրավիճակը հայտնել է, որ հայտնաբերված մանր ճաքերը որևէ վտանգ չեն ներկայացնում և անհանգստանալու կարիք չկա:
Դպրոցի անձնակազմը և աշակերտները վերադարձել են շենք և վերսկսել դասերը:








































