Վարչական դատարանում ավարտվեց ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններին մասնակցած «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի հայցով քննությունը: Դատարանը վճիռը կհրապարակի ապրիլի 14-ին:
«ՕՐՕ» դաշինքը վարչական դատարան էր դիմել իր դիմումը մերժած ԿԸՀ որոշումը վերացնելու հայցով: Հայցի պահանջն է՝ միավորել ընտրական տեղամասերում հատուկ սարքերով ձեռք բերված մատնահետքերը 1 ընդհանուր բազայում ու համեմատական վերլուծություն անցկացնել՝ պարզելու համար արդյոք կա՞ն մատնահետքերի համընկնումներ, թե՞ ոչ:
«ՕՐՕ» դաշինքից Փաստաբանների պալատի ներկայացուցիչ Լևոն Օհանյանը, ներկայացնելով հայցի էությունը, հարցրեց՝ ի՞նչ հիմնավորմամբ է ԿԸՀ-ն պնդում, որ հնարավոր չէ 1 մլն 500 հազար մատնահետքերը համադրել. «Ապրիլի 4-ին «ՕՐՕ» դաշինքի կողմից դիմում է ներկայացվել ԿԸՀ, որպեսզի պարզաբանվեն մի շարք հարցեր, այդ թվում՝ խնդրվել է, որպեսզի հնարավորություն ընձեռվի և մատնահետքերի ընդհանուր համադրում իրականացվի՝ հաշվի առնելով, որ տեղամասային այդ սարքավորումները չեն ունեցել մեկ ընդհանուր ցանց: Մեկ ընդհանուր բազա»:
Պատասխանող կողմը՝ ԿԸՀ ներկայացուցիչ Գեորգի Մարտիրոսյանը հակադարձեց հայցվոր կողմին՝ նշելով, որ որևէ նման պարտավորություն ԿԸՀ-ի վրա դրված չէ:
Մանրամասները՝ տեսանյութում:









































