Հյուսիսատլանտյան դաշինքի խորհուրդը եւ Հայաստանը ապրիլի 7-ին հաստատել են թվով 5-րդ Հայաստան-ՆԱՏՕ 2017-2019 թվականների Անհատական գործընկերության գործողությունների ծրագիրը։ ՀՀ ԱԳՆ-ից այսօր տեղեկացրել են, որ սկսած 2006 թվականից, ԱԳԳԾ-ն նպատակաուղղված է աջակցելու Հայաստանին պաշտպանության եւ անվտանգության ոլորտների բարեփոխումների անցկացմանը, ՀՀ խաղաղապահ ուժերի փոխգործակցելիության կարողությունների եւ հնարավորությունների զարգացմանը։
ԱԳԳԾ իրականացումը նպաստում է Դաշինքի հետ Հայաստանի քաղաքական երկխոսության շարունակական զարգացմանը, ՀՀ պաշտպանական ոլորտի ժողովրդավարական եւ քաղաքացիական վերահսկողության ընդլայնմանը եւ ուժեղացմանը, աղետների նվազեցմանը եւ ճգնաժամային կառավարմանը, արտակարգ իրավիճակներում պատրաստվածության կարողությունների ամրապնդմանը, ինչպես նաեւ Հայաստան-ՆԱՏՕ գործընկերային համագործակցության վերաբերյալ հասարակական իրազեկման բարձրացմանը:
Ծրագրում ներառված են նաեւ ՆԱՏՕ-ի Գիտություն հանուն խաղաղության եւ անվտանգության ծրագրի շրջանակներում Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության միջոցառումներ:










































