«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է քաղաքագիտության դոկտոր Հայկ Ա. Մարտիրոսյանը։
– Պարոն Մարտիրոսյան, ինչպե՞ս եք գնահատում ապրիլի 2-ին անցկացված խորհրդարանական ընտրությունների արդյունքները։ Սպասելի՞ էր, որ համատարած դժգոհության պայմաններում իշխող ուժն այնքան ձայն կհավաքի, որ կկարողանա նույնիսկ առանց կոալիցիա կազմելու կառավարություն ձևավորել։
– Այո, իհարկե՝ սպասելի էր: Շատ տարօրինակ կլիներ, եթե այդպես չլիներ: Տարիներ շարունակ կեղծիքի տեխնոլոգիաները հղկվել են, հասցվել կատարելության: Հիմա դրան գումարվել են հասարակության ծայրահեղ չքավորությունը, ինտելեկտուալ դեգրադացիան և, իհարկե, ընտրակաշառքը: Նաև՝ պետք է նկատի ունենալ, որ արդեն մի քանի տարի է՝ իշխանությունը պատրաստվում էր այս ընտրություններին: Արդյունքում Սահմանադրություն փոխվեց, երկրի կառավարման մոդել փոխվեց, Ընտրական օրենսգիրք փոխվեց և այլն: Ինչպե՞ս կարող էին այդքանից հետո ընտրություններում իշխող ուժերը բացարձակ հաղթանակ չարձանագրել: Պետք է հասկանալ, որ իշխանության համար սրանք ճակատագրական ընտրություններ էին և հիմա արդեն ճակատագրական դարձան Հայաստանի ու հայ ժողովրդի համար: Այս ընտրությունների արդյունքում կա՛մ պետք է իշխանությունը հեռանար, կա՛մ ժողովուրդը: Արդյունքում հեռացավ ժողովուրդը:
– «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքը չանցավ խորհրդարան, թեպետ շատերը նշում էին, որ դաշինքը պետք է Սարգսյանին՝ տարածքային զիջումների գնալու դեպքում աջակցություն ստանալու համար։ Կարո՞ղ ենք ասել, որ մեր հասարակությունը մերժեց խաղաղության այդ բանաձևը։
– Հասարակությունը որևէ խաղաղության բանաձև չի մերժել: Հասարակությունը մերժել է ինքնասպանության և սեփական գերեզմանի խաղաղության բանաձևը: Չնայած ՀԱԿ-ի խայտառակ պարտությանը՝ դավաճանական գաղափարը չի պարտվել: Այն դեռ կա, և բացառված չէ, որ առաջիկայում դարձյալ հառնի մոխիրներից:
– «Ելք» դաշինքի մուտքը խորհրդարան, որպես ընդդիմադիր քաղաքական ուժ, ինչպե՞ս եք գնահատում։ 9 մանդատ ունեցող այս ուժը կկարողանա՞ ինչ-որ չափով փոխել պատկերը և հանրօգուտ աշխատանք տանել։
– Իհարկե, չի կարողանա: Որովհետև՝ նախ իրենց ձայնը որոշիչ չէ, և ապա՝ որպես ընդդիմության դաշինք, «Ելքը» դեռևս պետք է իրեն դրսևորի: Այդ առումով դատողություններ շուտ է անելը: Ժամանակն ամեն բան իր տեղը կդնի:
– Ինչո՞ւ խորհրդարան չանցավ իրեն արևմտամետ հռչակող միակ ուժը՝ «Ազատ դեմոկրատները»։ Գաղափա՞րը լավ չհասցվեց հանրությանը, թե՞ Հայաստանում արևմտյան արժեհամակարգը տեղ չունի։
– Իսկ որո՞նք են «արևմտամետ» ուժ լինելու հատկանիշները: Եթե մի ուժ իրեն «արևմտամետ» է հռչակում՝ դա դեռ չի նշանակում, որ այդ ուժը կամ ուժերն իրոք արևմտամետ են: Եվ ի՞նչ է նշանակում «արևմտամետ» կամ «հյուսիսամետ»: Այդ կեղծ պիտակավորումներն ընդհանրապես խղճալի պատկեր են ստեղծում Հայաստանի ներքաղաքական կյանքում: Կա Հայաստան, և կան հայեր: Իսկ միտումները խիստ վիճելի են: Այնպես որ, պիտակավորումներն ու բնորոշումները հաճախ կեղծ են և անընդունելի: Իսկ այդ ուժը չանցավ, որովհետև ընդհանուր առմամբ վառ գույների, հասարակական քարոզի, տեսանելի կատարած աշխատանքի լուրջ պակաս կար: Այդ նախընտրական միավորման առանձին թեկնածուներ, այո՛, շատ ակտիվ էին գործել և մեծ հարգանքի արժանի մարդիկ են, բայց այդ մի քանի վառ անհատականությունների ներկայությունը բավարար չէր հաջողության համար: Բացի այդ՝ իհարկե, ամենակարևոր հանգամանքն այն էր, որ իշխանությունն ուղղակի չէր կարող թույլ տալ նման բան: Երևանում սարսափում են այն մտքից, որ Մոսկվայում կարող են իրենց «ճիշտ չհասկանալ»: Եվ արդյունքում թույլ տրվեց, որ Ազատ դեմոկրատներն իրենց ընթացքով պարտություն արձանագրեն:
– ՕՐՕ դաշինքի տապալումն ինչի՞ հետ կկապեք՝ Սեյրան Օհանյանը չկարողացա՞վ համոզել, որ պոկվել է իշխանական բուրգից և իր գործողություններում ազնիվ է։
– Ժամանակը շատ կարճ էր՝ նախարարական կոստյումից ընդդիմադիրի շապիկի անցնելու համար: Այդ կտրուկ գործընթացը տարօրինակ էր նայվում: Ինչպես նաև՝ շատերը դեռ լավ էին հիշում ոչ միայն կոստյումի, այլև ծաղկագույն տարազների լուսանկարաշարերը: Ինչ վերաբերում է այդ դաշինքի մյուս անդամներին, ապա նրանցից ոմանք նույնպես բախվեցին հասարակական վստահության պակասի խնդրին և, փաստորեն, չկարողացան հաղթահարել այն: Բայց հանուն ճշմարտության պետք է ասել, որ այստեղ ևս բարձր որակներ ունեցող և հարգանքի արժանի դեմքեր կային, բայց դա նույնպես բավարար չէր: Թեև, եթե անկեղծ լինենք, բացի ՀԱԿ-ի և կոմունիստների պարագայից, հայտնի չէ, թե իրականում որ ուժը քանի տոկոս կամ քանի ձայն կարող էր հավաքել, եթե ամեն բան ազնիվ և մաքուր անցներ: Ամեն պարագայում՝ ՕՐՕ-ն տարօրինակ դիտվող դաշինք էր և կանխատեսելի արդյունք արձանագրեց:
– Կարելի՞ է ասել, որ սա այն եզակի ընտրություններից էր, երբ հասարակությունը փողոց դուրս չեկավ հետընտրական փուլում։ Ամեն ինչ այսչափ կանխատեսելի՞ էր, հասարակությունը հարմարվե՞լ է, թե՞ նոր պոռթկումները չեն բացառվում։
– Այո, կարելի է, և դա իր պատճառներն ունի: Հասարակությունը բարոյալքված է և դեգրադացված: Նաև՝ խորագույն ապատիայի մեջ: Դա կոլեկտիվ քրոնիկ դեպրեսիա է, որ պատել է ամբողջ ժողովրդին: Բայց դեպրեսիան լինում է նաև մանիակային: Այսինքն՝ խոր ապատիային երբեմն փոխարինելու է գալիս անառողջ բարձր էներգետիկայով փուլը: Ինձ թվում է, որ սա լռություն է փոթորկից առաջ: Եվ այդ փոթորիկը, կարծում եմ, եթե տեղի ունենա, ապա լինելու է հախուռն, մասսայական և ամենակուլ: Ընտրություններով փոփոխությունները լավագույն սցենարն են, բայց երբ իշխանությունն ամեն գնով կանխում է դա, անընդհատ մեծացնում է ներքին և լռելյայն լարման ռեսուրսը, որ մի օր հասարակական անկանխատեսելի և չծրագրավորված ժողովրդական պայթյունի կարող է հանգեցնել:









































