Հայաստանում խորհրդարանական ընտրություններից հետո հետընտրական զարգացումներ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը չի կանխատեսում: Այս մասին նա նշեց ապրիլի 2-ին կայացած ասուլիսում:
«Հետընտրական զարգացումներ չեն կարող տեղի ունենալ, եթե դրանց համար չլինի պարարտ հող: Այս ընտրություններին, ի շնորհիվ նոր մեխանիզմների, քաղաքականության մեջ տեխնոլոգիական հեղափոխության, մենք կարողացանք վերջ դնել այնպիսի ընտրախախտումների, որոնց համար նախորդ ընտրություններին շատ էր խոսվում: Կրկնաքվեարկությունների, ուրիշի տեղը քվեարկությունների, այսպես կոչված «կարուսելների» և այլ խախտումների մասին այս ընտրություններում խոսակցություններ շատ քիչ են եղել»,- ասաց Աշոտյանը:
Արմեն Աշոտյանը վստահություն հայտնեց, որ ապրիլի 3-ից Հայաստանը լինելու է ավելի ժողովրդավար, ուժեղ և քաղաքական նոր մշակույթի կրող:









































