ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնն անսպասելի այցով ժամանել է Իսլամաբադ՝ երկու երկրների միջև հարաբերությունների ծայրահեղ լարված ֆոնին, որն առաջացել է Պակիստանում Ուսամա բեն Լադենի սպանությունից հետո:
Պակիստան ժամանելուց մեկ օր առաջ Քլինթոնը ռազմավարական էր համարել ԱՄՆ-ի հարաբերությունները Պակիստանի հետ՝ միաժամանակ կոչ անելով լուրջ ուշադրություն դարձնել ահաբեկչության դեմ պայքարին: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը: Քլինթոնը հավելել էր, որ Պակիստանը լավ գործընկեր է ահաբեկչության հետ պայքարում:
Պակիստանում Բեն Լադենին հայտնաբերելուց հետո ամերիկյան քաղաքական գործիչները շարունակ պնդում են, որ անհրաժեշտ է ավելի խիստ մոտեցում ունենալ Պակիստանի իշխանությունների նկատմամբ: Առաջարկներ են եղել կրճատելու օգնությունն այդ երկրին: Իսկ Պակիստանն իր հերթին երեկ որոշում է կայացրել երկու անգամ կրճատել ամերիկյան հրահանգիչների թիվն այդ երկրում: