Ադրբեջանի Լենքորան քաղաքում ֆուտբոլային խաղի ժամանակ տեղի են ունեցել անկարգություններ, տուժածների թվում են նաև ներքին զորքերի զինվորներ՝ հաղորդում է haqqin.az-ը:
Ինչպես հաղորդում է REGNUM-ը, ֆուտբոլային խաղը կայացել է օգոստոսի 25-ին՝ «Հազար-Լյանքյարան» և «Նեֆթչի» թիմերի միջև: Անկարգությունների պատճառ են դարձել երկրպագուների փոխադարձ վիրավորանքները: Ինչպես հաղորդվում է՝ «չնայած դաշտի սեփականատերերի արգելքին՝ երկրպագուները ներխուժել են հյուրերի հատված», արդյունքում սկսվել է ծեծկռտուք:
Ավելի ուշ երկրպագուները դուրս են եկել մարզադաշտից և փորձել են անկարգությունները շարունակել փողոցում, սակայն ոստիկանությունը կանխել է այդ փորձերը:
Տուժածների հստակ թիվը հայտնի չէ: REGNUM-ի փոխանցմամբ՝ վիրավորների թվում են ներքին զորքերի 12 զինվորներ:
Միջադեպի պատճառով երկրորդ խաղակեսը չի կայացել: Հարուցվել է քրեական գործ:








































