ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման և Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը հեռախոսազրույցում քննարկել են Սիրիայում տիրող իրավիճակը: Այս մասին հաղորդում է France Press-ը:
Մասնավորապես, երկու երկրների առաջնորդները քննարկել են Դամասկոսի մերձակայքում քիմիական զենքի կիրառման հաղորդագրությունը: Սպիտակ տան հայտարարության մեջ նշվում է, որ երկու երկրների ղեկավարությունները «կշարունակեն սերտ համագործակցությունը» հնարավոր քիմիական հարձակման հանգամանքները հետաքննելու համար: Բացի այդ, այդ փաստերի հաստատման դեպքում կողմերը կպայքարեն՝ հասնելու համար միջազգային հանրության կողմից համապատասխան արձագանքի: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն:
Չորեքշաբթի մի շարք լրատվամիջոցներ հաղորդել էին սիրիական կառավարական ուժերի կողմից քիմիական զենքի կիրառման մասին: Նախնական տվյալներով՝ հարձակման հետևանքով զոհվել է ավելի քան 600 մարդ: Սիրիայի ազգային ընդդիմության կոալիցիան պնդում է, որ զոհերի թիվը կարող է հասնել 1.3 հազար մարդու:







































