Պակիստանցի իրավապաշտպան Մալալա Յուսուֆզայը մեկնաբանել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրամանը՝ ամերիկյան միգրացիոն քաղաքականության խստացման մասին, որի շրջանակում մուսուլմանական 7 երկրների քաղաքացիների մուտքն ԱՄՆ ժամանակավորապես արգելվել է։ Այս մասին փոխանցում է JustJared պորտալը։
«Սիրտս կոտրված է այն բանից, որ նախագահ Թրամփը փակում է դռները երեխաների, մայրերի ու հայրերի առջև, ովքեր փախչում են դաժանությունից ու պատերազմից։ Սիրտս կոտրված է այն բանից, որ Ամերիկան աչք է փակում փախստականների ու ներգաղթյալների հանդեպ հյուրընկալության հարուստ պատմության վրա»,-ասել է նա՝ նշելով, որ խոսքն այն մարդկանց մասին, ովքեր օգնել են կառուցել երկիրը, պատրաստ են աշխատել՝ ստանալու իրենց շանսը նոր կյանքի շեմին։
Նա կոչ է արել Թրամփին մեջք չթեքել աշխարհի ամենաանպաշտպան մարդկանցից։







































