«Նախընտրական շրջանում Գյումրին միշտ էլ բոլոր կառավարությունների համար առաջնահերթություն է եղել, և հնչել են հայտարարություններ, որ Գյումրիին մեծ ուշադրություն կցուցաբերվի»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Գյումրիի ավագանու անդամ, լրագրողների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը՝ անդրադառնալով վարչապետի հայտարարությանը։
Հիշեցնենք, որ վարչապետ Կարեն Կարապետյանը նախօրեին ընդունել էր Գյումրիում գործունեություն ծավալող տնտեսվարողներին, լսել նրանց խնդիրները և առաջարկությունները՝ գործարար միջավայրի բարելավման հետ կապված: Վարչապետն ընդգծել էր, որ կառավարությունը Գյումրի քաղաքին ցուցաբերելու է մեծ ուշադրություն, և ավելացրել, որ անհրաժեշտ է ներկայացնել քաղաքի զարգացման լավ գաղափարներ:
«Կան բազմաթիվ գործընկերներ, որոնք Հայաստանում գումար ներդնելու ցանկություն ունեն, և այդ պարագայում անգամ նրանք պատրաստ են իրենց սպասումները երկարաձգել: Բայց գաղափարը մենք պետք է ճիշտ մատուցենք նրանց: Իմ խնդրանքն է Գյումրիում գտնել առողջ գաղափար, որը կկարողանանք վաճառել: Խոշոր բիզնեսմենը չի գալու Գյումրի, որպեսզի մոնիթորինգ անի, ուսումնասիրի, թե ինչի պահանջարկ կա»,- ասել է Կարեն Կարապետյանը՝ ավելացնելով, որ կամայական ծրագրի, որը կարող է Գյումրիում միջավայր, տրամադրություն փոխել, աշխատատեղ ստեղծել, կառավարությունն առանց երկարաձգելու հավանություն է տալու:
«Այս հայտարարությունները, որոնք դեռ էլի են լինելու, ուղիղ կապ ունեն նախընտրական շրջանի հետ։ Այդ պրակտիկան կիրառել է Ռոբերտ Քոչարյանի իշխանությունը, կիրառում է Սերժ Սարգսյանի իշխանությունը։ Եթե Գյումրին առաջնահերթ է, ապա ես հենց հիմա վարչապետին ասում եմ, որ 35 միլիոն դոլար է պետք Գյումրու անօթևանության խնդիրը իսպառ լուծելու համար, 3000-3500 անօթևան ընտանիքներին տնակներից հանելու, քաղաքը տնակներից ազատելու համար։ Եթե վարչապետն ուզում Գյումրիին օգուտ տալ, թող լուծի այդ խնդիրների ինդիրը։ Դա մի չորս տարվա խնդիր է։ Թող տարեկան ութ միլիոն դոլար հատկացնի, մենք էլ լուրջ ընդունենք նրա այդ հայտարարությունները»,- հավելեց Բարսեղյանը։ Նրա խոսքով՝ քանի դեռ Գյումրին լցված է տնակներով, սովահար մարդկանցով, ոչ մի բիզնեսմենի չի գրավի այդ մթնոլորտը, որպեսզի նա որևէ ոլորտում ներդրում անի։
Լևոն Բարսեղյանը նկատում է՝ եթե պետությունը այդ 35 միլիոն դոլարը ներդնի Գյումրիում բնակարանաշինության մեջ, ապա այդ գումարը Գյումրիում կխթանի շինարարական ոլորտը, և տասնյակ մարդիկ մի քանի տարով ապահովված կլինեն աշխատատեղերով։ Այդ ներդրումը նաև սոցիալական ազդեցություն կունենա քաղաքի վրա։ Որոշակի չափով կվերանա գործազրկությունը, որը հիմա պիկին է հասել հանրապետության երկրորդ քաղաքում։
Եվ հետո, Բարսեղյանի դիտարկմամբ՝ Գյումրիում բիզնես-միջավայրը բարելավելու համար արտոնություններ են հարկավոր, քանի որ Գյումրին հեռու է «Զվարթնոց» օդանավակայանից, իսկ Շիրակի օդանավակայանը հիմնականում սպասարկում է ռուսական գիծը, ոչ ավելի։
«Սրանք բիզնեսի համար բացասական կողմեր են, իսկ դրա համար հարկավոր է, որպեսզի հատուկ քաղաքականություն վարվի՝ տրամադրվի հարկային արտոնություն, որպեսզի բիզնեսմենը ցանկանա գործ դնել հենց Գյումրիում, ոչ թե, ասենք, Արարատյան դաշտում։ Հարկավոր է եկամտահարկի մասով ևս արտոնություն հատկացնել։ Սրանք են։ Պայմաններ ես ստեղծում, և փողը սկսում է հոսել այդտեղ։ Սերժ Սարգսյանի ասածի պես՝ փողը հակառակ ուղղությամբ չի հոսում»,- ասաց Բարսեղյանը։
Ամեն դեպքում, անկախ որևէ հայտարարությունից, խոստումից, Գյումրին կտա իր գնահատականը իշխանություններին ընտրությունների օրը։ «Խոստումների իրականացման չափը գիտեն գյումրեցիները և իրենց խոսքը կասեն ընտրությանը։ Եվ դա վերաբերում է ոչ միայն իշխանական կուսակցությանը, այլև մյուս կուսակցություններին տրվելիք քվեների մասով, ովքեր նախկինում ևս ունեցել են իրենց դերակատարությունը»,- եզրափակեց Բարսեղյանը։
Լուսանկարը՝ Photolure-ի










































