«Ցանկացած մարդասիրական քայլ, որը թեթևացնում է մարդկանց վիճակը, անկախ քաղաքական կամ հասարակական իրադարձություններից, դրական է, և տվյալ դեպքում շատ դրական եմ գնահատում գործընթացը»,- այսօր «Սիվիլիթաս» հիմնադրամի «Հարյուր հարց, հարյուր պատասխան» քննարկման ժամանակ, անդրադառնալով Սերժ Սարգսյանի համաներում հայտարարելու առաջարկին, կարծիք հայտնեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը:
Անդրեասյանը հույս հայտնեց, որ 2008 թ. մարտյան իրադարձություններից հետո ազատազրկված բոլոր անձինք շուտով կլինեն ազատության մեջ:
Անդրեասյանը նաև պատասխանելով հարցին, թե չի՞ վախենում մարտյան իրադարձությունների մասին խոսելով պիտակավորվել, ինչպես եղել է իր նախորդի՝ Արմեն Հարությունյանի հետ, հույս հայտնեց, որ 2008 թ. մարտի 1-ի իրադարձություններն այլևս չեն կրկնվի. «Չեն կրկնվի ոչ միայն նրա համար, որ դրանք իսկապես ցավալի էին մեր հասարակության համար, այլև այն պատճառով, որ նման իրադարձություններն այնպես են բևեռացնում մեր հասարակությունը, որ ուզած թե չուզած, բոլոր անձինք պիտակավորվում են»:
Անդրեասյանը նկատեց, որ նման բևեռացվածության բացակայության պայմաններում դրական գործեր անելու առաքելություն ունեցող մարդու իրավունքների պաշտպանը չի պիտակավորվի, ինչպես որ եղավ իր նախորդի հետ:
«Պիտակավորելու ցանկություն ունենալու են շատերը, տարբեր քաղաքական ուժեր, անձինք և կազմակերպություններ: Սակայն ես այսօր որևէ գործողություն անելուց չեմ մտածում, որ կպիտակավորվեմ, և անկեղծ ասած նաև չեմ մտահոգվում, թե իշխանությունը կամ ընդդիմությունը ինչպես կգնահատեն իմ այս կամ այն աշխատանքը»,- եզրափակեց օմբուդսմենը:









































