Վերջին օրերին ՀՀ ողջ տարածքում տեղացող առատ ձյան հետևանքով հանրապետության մի շարք շրջաններում կան դժվարանցանելի և անգամ փակ ճանապարհներ։
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության դեկտեմբերի 16-ից հրապարակած տվյալների համաձայն մասնավորապես փակ են Ախուրյան-Գյումրի-Վանաձոր (միակողմանի), Բերդ-Ճամբարակ, Զարինջա-Ցամաքասար, Մաստարա-Ծաղկասար, Ապարանի և Ամասիայի տարածաշրջանների միջհամայնքային ավտոճանապարհները:
Մի շարք ավտոճանապարհներ էլ բաց են, սակայն անդադար տեղացող ձյան պատճառով դժվարանցանելի։ Մասնավորապես՝ Տիգրանաշենի ոլորանները, Սոթք-Քարվաճառ, Գյումրի-Վանաձոր, Վանաձոր-Ստեփանավան-Ալավերդի, Վանաձոր-Դիլիջան, Սարավան-«Զանգեր», Աշոցքի և Արագածի տարածաշրջանների միջհամայնքային ավտոճանապարհները, Շիրակի մարզի ավտոճանապարհները և Վարդենյաց լեռնանցքը:
Չայնիի ոլորաններ անունով հայտնի ճանապարհին, ինչպես նաև Տավուշի մարզերի բոլոր ավտոճանապարհներին և Անիի տարածաշրջանի միջհամայնքային ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Երևանում, ի տարբերություն հանրապետության այլ շրջանների և քաղաքների, փակ կամ դժվարանցանելի ճանապարհներ չկան։ Մայրաքաղաքի կենտրոնական և երկրորդական փողոցները ձյան առաջին տեղումներից սկսած մաքրվում էին։ Որոշ տեղեղերում նկատվեց երթևեկության դանդաղում, ինչը սակայն ոչ թե ձնամաքրման վատ աշխատանքների հետևանք էր, այլ զուգահեռ տեղացող անդադար ձյան։









































