Շուկայում մարդու առողջությանը վնաս պատճառող ապրանքների վաճառքի երեք դեպք է հայտնաբերվել 2012-ին՝ խաղալիքների, կանանց հիգիենայի պարագաների և մանկական տակդիրների: «Առաջին լրատվական»-ին այս մասին տեղեկացրեց Էկոնոմիկայի նախարարության Շուկայի վերահսկողության պետական տեսչության պետ Լևոն Խալիկյանը:
«Երեք կազմակերպությունն էլ լուրջ վնաս կրեցին, քանի որ այդ հայտնաբերված ապրանքի ամբողջ խմբաքանակը ոչնչացվեց»,- ասաց Լևոն Խալիկյանը:
Ըստ նրա՝ նախկինում կոսմետիկ միջոցները պարտադիր սերտիֆիկացման ցանկում էին, հիմա այդ ցանկից դուրս են հանվել:
«Վաճառի փուլում պարտադիր պետք է ապրանքը բերեին լաբորատորիա, ստուգեին, նոր հանեին վաճառքի, հիմա դա չկա, մեր տեսչությունը կարող է գնալ, ստուգողական գնում կատարել, տանել-հանձնել լաբորատորիա, ստուգեն՝ վտանգ սպառնո՞ւմ է առողջությանը, թե՞ ոչ: Բայց նախկինում շատ խիստ տեխնիկական կանոնակարգ ուներ»,- ասաց գլխավոր պետական տեսուչը: Նրա տեղեկացմամբ՝ վնասներ կրելուց և բնակչությանը վնաս հասցնելուց խուսափելու համար անհրաժեշտ է ինչ-որ բան արտասահմանից գնելուց առաջ բերել մի փորձանմուշ, հանձնել լաբորատորիա՝ փորձարկման, հետո նոր ապրանքը ներմուծել:
Այս տարի շուկայում խախտումներ հայտնաբերվել են ցածր լարման ապրանքների, լվացող-մաքրող միջոցների, բենզինի, ոսկու շուկայում, ԱԳԼՃԿ-ներում և այլն:








































