Ռոչեսթերի համալսարանի աշխատակիցների խումբըTwitter-ի հաղորդագրությունների վրա հիմնված համակարգչային համակարգ է մշակել, որը թույլ է տալիս ժամանակի իրական ռեժիմում որոշել, թե որ ռեստորաններ չպետք է հաճախել՝ խուսափելու համար սննդային թունավորումներից, գրում է NewScientist-ը:
Հեղինակների կողմից nEmesis կոչված համակարգը գործում է Google Flu Trends ծառայության պես, որն օգտագործում է Google-ի որոնողական հնարավորությունները, որպեսզի գնահատի ամբողջ աշխարհում գրիպի վիրուսի ընդհանուր ակտիվությունը:
Այս անգամ հեղինակները համակարգչային հատուկ ծրագիր են մշակել, որը թույլ է տալիս վերլուծել Twitter-ի հաղորդագրությունները, որոնք պարունակում են «ստամոքս» և «սնունդ» բառերը: Վերլուծվել է նյույորքցիների 2013թ. հունիս-ապրիլ ամիսների 3,8 միլիոն հաղորդագրություն, որոնց մեջ մեծ հավանականությամբ խոսքը եղել է սննդային թունավորումների մասին:
Համակարգը հետևում է Twitter-ի հաղորդագրություններին, և եթե պարզվում է, որ մարդը գտնվում է Նյու Յորքի 25000 ռեստորաններից մեկում, ապա հաջորդ մի քանի օրերի ընթացքում փնտրում է նրա օգտահաշվում այն բառերը, որոնք վկայում են սննդային թունավորման մասին:
nEmesis-ի փորձարկումների ժամանակ հաջողվել է 120 սրճարան և մեկ ռեստորան հայտնաբերել, որոնք մեղավոր են Նյու Յորքում առնվազն մեկ աղիքային սուր վարակի տարածման համար: Համակարգը ռեստորաններին «անվտանգության բալեր» է նշանակում, որոնք շատ մոտ են այն գնահատականներին, որոնք նշանակում են առողջապահության քաղաքային դեպարտամենտի տեսուչները:
nEmesis-ը նոյեմբերին կներկայացվի Կալիֆոռնիայի Human Computation & Crowdsourcing կոնֆերանսին:










































