Վաղը Շիրակի մարզի Բայանդուր համայնքում ժամը 8-ից 20-ը տեղի կունենա գյուղապետի արտահերթ ընտրության քվեարկությունը:
«Փաստինֆո»-ի փոխանցմամբ՝ շուրջ 540 ընտրող ունեցող Բայանդուր համայնքի ղեկավարի պաշտոնին հավակնում է երկու թեկնածու՝ ՀՀԿ անդամ Դավիդ Դավիդյանը և Բայանդուր համայնքի ղեկավարի տեղակալ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Խորեն Սմբատյանը: Առաջինն առաջադրվել է ՀՀԿ-ի կողմից, երկրորդը՝ ինքնաառաջադրման կարգով:
Քվեարկության նախնական արդյունքները կամփոփվեն և կարձանագրվեն մինչև օգոստոսի 12-ի ժամը 14-ը: Արդյունքների վերջնական ամփոփումը տեղի կունենա օգոստոսի 16-ին:
Ինչպես «Փաստինֆո»-ն ավելի վաղ տեղեկացրել էր, Բայանդուր գյուղական համայնքի ղեկավար Հովագիմ Սարգսյանի լիազորությունները վաղաժամկետ դադարեցվել են ՀՀ կառավարության հունիսի 13-ի որոշմամբ: Թեև որոշման մեջ դադարեցման պատճառը նշված չէ, սակայն, ըստ «ԳԱԼԱ» հեռուստաընկերության, գյուղապետն ընտանիքով արտագաղթել է Հայաստանից:







































