Կոնեկտիկուտ նահանգի Իսթ Հևն քաղաքում կործանվել է Turbo Commander 69OB ինքնաթիռը, որը կառավարում էր Microsoft ընկերության նախկին թոփ մենեջեր Բիլ Հենինգսգաարդը: Այս մասին հաղորդում է CNN-ը:
Ինքնաթիռը Նյու Ջերսի նահանգից թռչում էր Նյու Հևն քաղաքի օդանավակայան, սակայն նույնիսկ մի քանի կիլոմետր չթռչելով՝ ընկել է 2 բնակելի տների վրա, որոնք միջադեպի հետևանքով հրդեհվել են:
Տներից մեկում կործանման պահին եղել են 1-ամյա և 13-ամյա երեխաները և նրանց մայրը: Կինը կարողացել է դուրս պրծնել տնից, իսկ երեխաները՝ոչ: Ներկայումս նրանց մարմինները հայտնաբերված չեն, նրանք անհետ կորած են համարվում:
Ինքնաթիռի բոլոր ուղևորները զոհվել են: Նրանց ճշգրիտ թիվը հայտնի չէ: Հենինգսգաարդի հարազատները նշում են, որ ինքնաթիռում եղել են նա և իր որդին, սակայն իշխանությունները ենթադրում են, որ ինքնաթիռում կարող է 3 մարդ եղած լինել:
Պատահարի պատճառները դեռևս հայտնի չեն:








































