Ուղիղ մեկ ամիս առաջ ՀՀԿ-ն և ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալի և Ազգային ժողովում նախագահի պաշտոնական ներկայացուցչի պաշտոններից հրաժարվելուց հետո Վիկտոր Դալլաքյանը հայտարարեց. «Ներկայացրել եմ հրաժարական հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնից և Ազգային ժողովում հանրապետության նախագահի մշտական ներկայացուցչի պաշտոնից»: Նա նաև հայտարարեց, որ վերադառնում է ակտիվ քաղաքականություն, մասնակցելու է 2017-ի խորհրդարանական ընտրություններին:
Ակտիվ քաղաքականություն վերադարձած Վիկտոր Դալլաքյանը իր առաջին ասուլիսից հետո ուղիղ մեկ ամիս անց՝ նոյեմբերի 12-ին, խոստացել էր հանդես գալ ասուլիսով։ «Առաջին լրատվական»-ը նախկին հանրապետականից փորձեց ճշտել ուշացման պատճառը: «Ես ասուլիս եմ հրավիրելու, չգիտեմ՝ երբ, ձեզ բոլորիդ կհրավիրենք, բոլոր հարցերին կպատասխանենք: Երբ հարմար գտնեմ, ասուլիս կհրավիրեմ, տեղն էլ կասեմ, և ինչ հարց ուզեք՝ կտաք, բոլոր հարցերին կպատասխանեմ»:
Իսկ թե ինչու է, այնուամենայնիվ, ուշանում խոստացված ասուլիսը, Դալլաքյանը ասաց. «Ես ձեզ առողջություն եմ ցանկանում, մեր խոսակցությունն ավարտեցինք, կներեք, լա՞վ», և անջատեց հեռախոսը:
Ի դեպ, այս օրերին Վիկտոր Դալլաքյանին հաճախ կարելի է տեսնել Վերնիսաժին հարող պուրակում այս կամ այն քաղաքական գործչի հետ ճեմելիս:








































