Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում մեկնարկեց Սարի Թաղի դեպքերով ևս երեք ամբաստանյալների՝ Արսեն Մկրտումյանի, Գագիկ Միքայելյանի և Սոսո Մարգարյանի գործով դատական նիստը:
Այս գործը նախաքննական մարմնի կողմից ուղարկվել էր Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, բայց այնտեղից ուղարկվել է Կենտրոնի դատարան՝ ըստ ընդդատության, քանի որ ամբաստանյալներին մեղսագրված արարքները սկսվել ու ավարտվել են Երևանի Խորենացի և Քրիստափորի փողոցների խաչմերուկում: Այդ տարածքը գտնվում է Կենտրոն վարչական շրջանում:
Ըստ մեղադրանքի՝ 2016 թվականի հուլիսի 20-ին, ժամը 22-ի սահմաններում հիշյալ խաչմերուկում իրականացվել է հավաք: Ոստիկանները զգուշացրել են հավաքի մասնակիցներին, որ արգելված է մուտքը «հատուկ միջոցառումների գոտի»: Սակայն հավաքի մասնակիցները, ըստ մեղադրանքի, «դիմել են անհնազանդությունների, կատարել են տարաբնույթ գործողություններ՝ փակել են փողոցներ և այլն»:
Այնուհետև հավաքի մի խումբ մասնակիցներ, առաջադրված մեղադրանքի համաձայն, «իրենց ապօրինի պահանջները պարտադրելու նպատակով հարձակվել են ՊՊԾ գնդի տարածք տանող ճանապարհն արգելափակած ոստիկանության աշխատակիցների վրա: Սկսվել են անկարգություններ…»:
Կոնկրետ այս գործով ամբաստանյալներին մեղսագրված է հետևյալը. «Զանգվածային անկարգությունների մասնակից Արսեն Մկրտումյանը վազքով մոտենալով ոստիկանության ծառայողների կողմից կազմված պատնեշին, ոտքով հարվածել է ոստիկանին, ապա քարի կտոր է նետել ոստիկանների ուղղությամբ:
Նույն ժամանակ Գագիկ Միքայելյանը և Սոսո Մարգարյանը պարբերաբար տեղաշարժվելով, տարբեր հատվածներից քարեր են նետել ոստիկանների վրա…»:
Առաջադրված մեղադրանքի համաձայն՝ անկարգությունների ժամանակ վնասվել ու ոչնչացվել է ոստիկանությանը պատկանող՝ 9 միլիոն 459 հազար 840 դրամ, «Ֆլեշ» ՍՊԸ-ին պատկանող՝ 89 հազար 120 դրամ, «Անի Պլաստ» ՍՊԸ-ին պատկանող՝ 7800 դրամ և Երևանի քաղաքապետարանին պատկանող՝ 85 հազար դրամ արժողության տարբեր տեսակի գույք:
Թվարկված գույքը, ըստ նախաքննական մարմնի եզրակացության, «ոչնչացվել ու վնասվել է» ոչ միայն հենց այս գործով ամբաստանյալ հանդիսացող եռյակի, այլ համանման մեղադրանքով, բայց առանձին գործերով դատվող ևս մի քանի «եռյակ» ամբաստանյալների կողմից:
Եթե նախաքննական մարմինը գործով մեղադրյալներին բաժանել է «եռյակների կամ քառյակների», ապա տուժած համարվող ոստիկանները՝ 46 հոգի, նույնությամբ անցնում են բոլոր այս համանման գործերով:
Դժվար է, իհարկե, պատկերացնել, թե դատարանի դահլիճում ինչպես են տեղավորվելու 46 տուժողները, մանավանդ որ՝ առաջադրված մեղադրանքներում կոնկրետացված չէ, թե որ ամբաստանյալը կոնկրետ որ ոստիկանին է վնասել ու որ կոնկրետ գույքն է ոչնչացրել:
Այս դատական նիստին տուժող ոստիկանական «պատնեշը»՝ կազմված 46 անձից, ներկա չէր:
Նախագահողը հարցրեց կողմերի կարծիքը՝ կարո՞ղ են նիստը սկսել տուժողների բացակայությամբ:
Ամբաստանյալ Սոսո Մարգարյանի շահերի պաշտպան Արա Զաքարյանը նշեց, որ 46 տուժողների ներկայությունը նույնիսկ անթույլատրելի է այս գործի քննությանը, քանի որ ամբաստանյալներին մեղսագրված արարքներում կոնկրետացված չէ, թե նրանց ենթադրյալ գործողությունների արդյունքում մոտ հինգ տասնյակ տուժողներից կոնկրետ ով է տուժել:
Դատարանը ճշտեց ամբաստանյալների ինքնությունը:
Սոսո Մարգարյանը ՌԴ քաղաքացի է, բնակվում է Երևանում, չի աշխատել:
Գագիկ Միքայելյանը պատմության ուսուցիչ է աշխատել Երևանի թիվ 142 դպրոցում, նա ամուսնացած է, խնամքին մեկ երեխա ունի:
Արսեն Մկրտումյանը Կոտայքի մարզի Քաղսի գյուղից է, աշխատել է որպես այգեպան:
Արսեն Մկրտումյանի և Գագիկ Միքայելյանի շահերի պաշտպանները միջնորդեցին իրենց պաշտպանյալների նկատմամբ կիրառել գրավ ու ազատ արձակել կալանքից:
Դատարանը մերժեց միջնորդությունները:








































