ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու առևտրի կենտրոնից բջջային հեռախոսի` «iphone 6S»-ի գողություն կատարած անձի ինքնությունը:
Նախնական տվյալներով՝ առերևույթ հանցագործություն կատարած անձը 2016թ. հոկտեմբերի 8-ին առևտրի կենտրոնի տաղավարներից մեկից գաղտնի կերպով հափշտակել է քաղաքացուն պատկանող բջջային հեռախոսը՝ վերջինիս պատճառելով զգալի չափերի գույքային վնաս:
Դեպքի առթիվ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել Է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Նախաքննության ընթացքում ստացվել են առևտրի կենտրոնի՝ տվյալ տաղավարի մոտ գործող տեսագրող սարքերի՝ տվյալ օրվա տեսագրությունները, ենթարկվել զննության:
Տեսանյութում երևում է, թե ինչպես է սև, հյուսած մազերով, բալագույն տաբատով երիտասարդ մի աղջիկ մոտենում վաճառասեղանին, որի վրա դրված է հեռախոսը, ապա դրամապանակը դնում հեռախոսի վրա, վայրկյաններ անց վերցնում «iphone 6S»-ը և հեռանում։













































