Հայաստանյան «Հակակոռուպցիոն» կենտրոնն ակտիվ աշխատանքային փուլում է, հայաստանյան կոռումպացված պաշտոնյաների կոռուպցիոն գործարքների մասին փաստերն ու փաստաթղթերն է ուղարկում երկրներ, որտեղ այդ գործարքներն իրականացվում են: Այս մասին այսօր «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց «Հայրենիք և պատիվ» կուսակցության նախագահ, «Հակակոռուպցիոն» կենտրոնի նախաձեռնող Գառնիկ Մարգարյանը: Վերջինս տեղեկացրեց, որ աշխատում են «Հակակոռուպցիոն» կառույցների հետ ողջ աշխարհում: «Հիմա արդեն սպասում ենք պատասխանների, առաջին փաստաթղթերը կան, նյութեր ենք իրենց ուղարկելու պաշտոնյաների գործարքների մասին, թե ով որտեղ ինչ ունի»,- նշեց նա:
Մեր հարցին՝ ինչո՞ւ են ՌԴ իրավապահ մարմինները և ՌԴ «Կոռուպցիայի դեմ պայքարի հասարակական խորհուրդը» լռում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործի մասին՝ պատասխանեց, որ քննություն է գնում, ստուգումներ են ընթանում, իսկ ստուգման ժամանակ ոչ մեկը ոչ մի ինֆորմացիա իրավունք չունի տալու: «Եվ Քոչարյանի գործի դեպքում, և այլ գործեր էլ կան, որոնց մասին նպատակահարմար չէ խոսել այսօր»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի սեղանին էին հայտնվել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործարքների մասին փաստաթղթերը, որոնք, ՌԴ «Կոռուպցիայի դեմ պայքարի հասարակական խորհրդի» ներկայացուցիչների խոսքով, ապացուցում են ֆինանսական մեքենայությունների կատարումը: Փաստաթղթերը ՌԴ էին ուղարկվել Հայաստանից: Գործերը հայտնվել էին նաև ՌԴ դատախազությունում, որից հետո դրանց ճակատագիրն առայժմ պարզ չէ: Նշենք, որ փաստաթղթերը դատախազության վարույթում էին մայիսի սկզբից:










































