Եգիպտոսի իշխանություններն ամբողջությամբ արգելափակել են Ռաբի Ալ-Ադավիա և Ան-Նահդա հրապարակներ տանող ուղիները, որտեղ նախկին նախագահ Մուհամմեդ Մուրսիի կողմնակիցներն անժամկետ ակցիաներ են անցկացնում:
Հրապարակ տանող բոլոր փողոցներն արգելափակվել են ոստիկանների կողմից, որպեսզի խափանվի ցուցարարների մուտքը դեպի հրապարակներ, փոխանցում է РИА Новости-ն՝ հղում կատարելով տեղական ԶԼՄ-ներին:
Չորեքշաբթի օրը Եգիպտոսի կառավարությունը ՆԳ նախարարությանը հանձնարարել էր ամեն ինչ անել Կահիրեում անժամկետ ակցիաները դադարեցնելու համար, որոնք, իշխանությունների կարծիքով, սպառնում են պետական անվտանգությանը: Հինգշաբթի օրը ՆԳՆ-ը ցուցարարներին առաջին զգուշացումն էր արել՝ կոչ անելով դադարեցնել ցույցերն ու հեռանալ հրապարակներից: Նախարարությունն ավելացրել էր, որ այդ դեպքում կապահովվի բոլորի անվտանգությունը: Ուրբաթ օրը, անտեսելով իշխանությունների կոչերը, մահմեդականները Կահիրեում և երկրի այլ քաղաքներում զանգվածային ակցիաներ են անցկացնում:









































