Ազգային վիճակագրական ծառայությունը, հրապարակելով 2011 թվականի մարդահամարի տվյալները, բավական անհարմար դրության մեջ է դրել Սերժ Սարգսյանին: Պարզվում է, որ 2013 թվականի նախագահական ընտրություններում շատ բնակավայրերում ընտրողների թիվն այնքան է ուռճացվել, որ անցել է նույնիսկ բնակչության թիվը, որը ներկայացրել է ԱՎԾ-Ն: Ընդ որում, իշխանությունները պարզապես չեն կարող ասել, որ երկու տարվա ընթացքում բնակչության թիվն ավելացել է, որովհետև երկու տարվա ընթացքում եթե ինչ-որ բան Հայաստանում ավելացել է, ապա դա արտագաղթն է: Եվ ուրեմն, 2013 թվականին, 2011-ի համեմատ, բնակչության թիվը ոչ թե ավելանալու էր, այլ` նվազելու: Իշխանություններն ու ԱՎԾ-ն այս ամենին դեռևս չեն արձագանքել, միգուցե հիմա մտածում են, թե ինչպես պետք է բացատրեն ստեղծված, մեղմ ասած, անհարմար վիճակը:
Մյուս կողմից, հարց է առաջանում՝ մի՞թե ԱՎԾ-ն կարող էր տվյալները հրապարակել, առանց իշխանությունների հետ համաձայնեցնելու: Եվ ուրեմն, մի՞թե կարող էին չնկատել ակնհայտ խայտառակ համադրությունների վտանգը: Մի կողմից, անիրական է թվում, որ իշխանությունները, որոնք վերարտադրման թվաբանությունն ու «հաշվապահությունը» վարում են ամենայն մանրակրկիտությամբ, չնկատեին նման ակնհայտ տարբերությունները, սակայն մյուս կողմից էլ՝ այսօր իշխանական համակարգն աշխատում է ակներև խափանումներով, աջ ձեռքին հայտնի չէ, թե ինչ է անում ձախը, և կազուսներն ամենևին նորություն չեն իշխանական համակարգի այսօրվա գործունեության մեջ:
Հասարակությունն այդ կազուսները հաճախ վերագրում է նախապես մտածված և բեմադրված լինելուն, սակայն իրականում պետք չլինելով թերագնահատել իշխանություններին, կարիք չկա նաև գերագնահատել նրանց ներկայիս հնարավորությունները: Այս ամենով հանդերձ, սակայն, նշենք մի հատկանշական դրվագ ևս: 2011 թվականի մարդահամարն անցկացնելուն Հայաստանին օգնում էին ամերիկացի մասնագետները՝ առավելագույն ճշգրիտ մեթոդաբանություն ապահովելու համար: Նախ, հարկ է, երևի թե, արձանագրել, որ ամերիկյան կողմի մասնակցությունն, ըստ էության, Հայաստանի իշխանություններին թույլ չի տվել կեղծել մարդահամարի տվյալները այնպես, որ հետո այդ տվյալների հիման վրա էլ կառուցվեր ընտրական թվաբանությունը երկու տարի անց: Եվ այսպիսով, անհամադրության արմատը հավանաբար գալիս է այդտեղից: Իշխանությունները կարողացել են միգուցե առավելագույնը հասնել նրան, որ չեն հրապարակվել տվյալները մինչև ընտրությունները կանցնեին: Սակայն, չեն էլ կարողացել երկար ձգձգել հրապարակումը՝ միևնույն ժամանակ չկարողանալով նաև թվաբանական «սրբագրումներ» կատարել: Հակառակ դեպքում չէր բացառվում, որ կարող էր լինել, այսպես ասած, իրական պատկերի արտահոսք, որին անկասկած կտիրապետեն մարդահամարին օժանդակություն ցուցաբերած ամերիկացի գործընկերները:
Այսպիսով, մարդահամարի մասով իշխանությունները հայտնվել են անկյունում, և նման իրավիճակն, ամենայն հավանականությամբ, կարող է լինել այն պարբերական «դեղին քարտերից» մեկը, որ Հայաստանի իշխանություններին ցուցադրում են Արևմուտքից՝ պրոֆիլակտիկ, կանխարգելիչ նպատակով կամ պարզապես ինչ-որ բանից դժգոհություն հայտնելով:








































