Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի իշխանությունները հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձից հետո պաշտոնանկ են արել Եվրոպայում ու ԱՄՆ-ում ՆԱՏՕ-ի զորամասերում ծառայող անձնակազմի մի քանի հարյուր ներկայացուցչի: Այս մասին վկայել է լրատվամիջոցի տրամադրության տակ հայտնված ռազմական փաստաթուղթը:
Փաստաթղթի համաձայն՝ 149 զինվորականներ, որոնք ուղարկվել էին Գերմանիայում, Բելգիայում, Նիդերլանդներում ու Մեծ Բրիտանիայում ՆԱՏՕ-ի շտաբներ ու հրամանատարական կետեր, սեպտեմբերի 27-ին ստացել են 3 օրում Թուրքիա վերադառնալու հրաման:
Թուրքիա վերադառնալուց հետո նրանցից շատերը պաշտոնանկ են արվել և ձերբակալվել: Այս մասին գործակալությանը հայտնել է ՆԱՏՕ-ում թուրք զինվորականների ներկայացուցիչը:
Լրատվամիջոցը հայտնում է, որ պաշտոնանկ արված ռազմական ներկայացուցիչների ընդհանուր թիվը կազմել է 400 մարդ: Նրանց կասկածում են խռովարարների հետ կապ ունենալու մեջ, որոնք հուլիսի 15-ի գիշերը գրավել են կամուրջներ ու ճանապարհներ:
Ընդ որում՝ նրանց նկատմամբ չի ներկայացվել որևէ մեղադրանք, նրանց չի տրվել որևէ պարզաբանում: ՆԱՏՕ-ի պաշտոնական ներկայացուցիչը հայտնել է, որ Թուրքիան դաշինքին նախապես իրազեկել է Եվրոպայում ու ԱՄՆ-ում ՆԱՏՕ-ի զինվորական հրամանատարության կազմում փոփոխություններ կատարելու մասին:










































