ԱՄՆ նախագահի դեմոկրատ թեկնածու Հիլարի Քլինթոնի ընտրական շտաբի ղեկավար Ջոն Պոդեստայի էլեկտրոնային նամակներից, որոնց հերթական մասը հրապարակել է WikiLeaks կայքը, պարզ է դառնում, որ դեմոկրատ թեկնածուն բազմիցս դրական կարծիք է հայտնել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասին։ Այս մասին հայտնում է Fox News հեռուստաալիքը։
2013 թվականի հունիսին, լինելով արդեն նախկին պետքարտուղար, Քլինթոնը Պուտինի հետ ավելի սերտ համագործակցության հույս է հայտել Goldman Sachs բանկի կառավարիչների առջև ելույթի ժամանակ։
«Ակնհայտորեն մենք ցանկանում ենք դրական հարաբերություններ ունենալ Ռուսատսանի հետ և կցանկանայինք, որպեսզի Պուտինը ավելի հակված լիներ ԱՄՆ-ի հետ հարաբերությունների, որպեսզի մենք կարողանայինք համագործակցել որոշ հարցերով»,- ասել է նա։
2013-ի մայիսին Քլինթոնը Sanford Bernstein խորհրդատվական գործակալության ղեկավարների հետ հանդիպմանը ՌԴ նախագահին անվանել է «հետաքրքիր զրուցակից»։
«Ես նստած էի նրա կողքին։ Նա գրավիչ է և, գիտե՞ք, շատ հետաքրքիր զրուցակից։ Մենք խոսել ենք շատ բաների մասին, որոնք մեր միջև հրատապ հարցեր չեն»,- նշել է Քլինթոնը։
Նույն տարվա հոկտեմբերին, ելույթ ունենալով Չիկագոյում Միացյալ հրեական հիմնադրամում, Հիլարի Քլինթոնն ասել էր, որ Պուտինը կարող է անկանխատեսելի լինել։
«Երբեք չի կարելի վստահ լինել, թե ինչ է նա պատրաստվում անել կամ ասել, և նա միշտ պատրաստ է պաշտպանել մայր հայրենիքը։ Այդ իսկ պատճառով մենք հետաքրքիր հանդիպումներ ենք ունեցել»,- նշել է նախկին պետքարտուղարը։
Հեռուստաալիքը մեջբերում է անում Պոդեստայի նամակագրությունից, որում Քլինթոնը պատմում է Պուտինի ամառանոց այցի մասին։ Ամերիկացի քաղաքական գործիչը նշել է, որ Պուտինն իրեն ցույց է տվել Ռուսաստանի հսկա քարտեզը՝ վագրերի, փոկերի և կետերի բնակության վայրերով։
Դոնալդ Թրամփի հետ նախընտրկան հեռուստադեբատների ժամանակ Քլինթոնը հայտարարել է, սակայն, որ մտադիր է դիմակայել Պուտինին ԱՄՆ նախագահի պաշտոնին։










































