«Հաշվի առնելով կառավարության, մասնավորապես պաշտպանության նախարարության, Զինված ուժերում տեղի ունեցած փոփոխությունները՝ ի՞նչ հույսեր, ի՞նչ ակնկալիքներ կան համագործակցության առումով». այս հարցերի շուրջ «Առաջին լրատվական»- ը զրուցեց ԻՏ ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանի և Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանի հետ:
«Մինչ պաշտպանության նախարարի փոփոխությունը, ամռանը կարևոր փոփոխություն տեղի ունեցավ նախարարությունում. նոր փոխնախարար նշանակվեց ռազմաարդյունաբերության գծով, և մենք արդեն ունենալով պաշտպանության նախարարի հրամանը համագործակցության վերաբերյալ, արդեն սկսեցինք փոխնախարարի հետ համագործակցել, և արդեն բավականին արդյունքներ կային, որոնք «ԴիջիԹեք – 2016» ցուցահանդեսում ցուցադրեցինք: Հիմա ավելի կարճաժամկետ խնդիրների լուծման շրջանակում ենք համագործակցում, դրանք կապված են ապրիլյան պատերազմի հետ, նոր նախարարի նշանակումից բացի՝ ևս մեկ փոփոխություն կա, ինֆորմացիոն տեխնոլոգիաների նոր նախարար կա, և կարծում եմ, որ մեր առաջնահերթ խնդիրը լինելու է պաշտպանության նախարարության և ինֆորմացիոն տեխնոլոգիաների և հեռահաղորդակցության նախարարության հետ համագործակցելը՝ նպատակ ունենալով միջնաժամկետ և երկարաժամկետ կտրվածքով վերականգնել ՀՀ-ում ռազմաարդյունաբերությունը»- նշեց Կ. Վարդանյանը:
«ՏՏ ոլորտն աչքի է ընկնում աճով և ակտիվությամբ: Կարծում եմ՝ վերջին փոփոխություններն ավելի համակարգաստեղծ կլինեն,- նշեց Բ. Ենգիբարյանը: -Բանակը սպասելու ժամանակ չունի, լուծումներ են պետք: Բացի կարճաժամկետ համագործակցությունից՝ դիտարկվում է նաև երկարաժամկետ համագործացությունը: ՏՏ ոլորտում այսօր Հայաստանում լավ մասնագետներ կան, որոնք իրական ներուժ են և կարող են ոչ միայն մեր բանակի համար, այլ նաև աշխարհի համար այդ ոլորտում ստեղծել բավականին հետաքրքիր լուծումներ, որոնք հետաքրքիր են ոչ միայն բանակին, այլ նաև հենց ՏՏ ոլորտին, որովհետև սա դիտարկվում է որպես լրացուցիչ եկամուտներ և լուծումներ»:
Նախօրեին ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ պաշտպանության նորանշանակ նախարար Վիգեն Սարգսյանը հայտարարել է, որ պետք է անցում կատարենք ազգ-բանակ գաղափարի իրականացմանը: Այս դիտարկման վերաբերյալ Բ. Ենգիբարյանը նշեց. «Շատ ուրախալի է, որ նախարարը միանգամից սկսկեց նոր կոնցեպտով և մի մոտեցմամբ, որը ՏՏ ոլորտի մասնագետներին շատ հոգեհարազատ է. այսինքն՝ երկրի և բանակի ամբողջ ներուժը օգտագործել հանուն երկրի զարգացման և պաշտպանության:
Մոդելը մեզ համար նոր է, բայց աշխարհում նոր չէ, վառ օրինակներ են Իսրայելը, Շվեյցարիան: Խնդիրն այն է, որ մեզ անհրաժեշտ է անցումային փուլ: Ազգ-բանակ նշանակում է՝ ինչպես տնտեսությունն ուղղորդել բանակի խնդիրներին, և ինչպես կարող է բանակը հատկապես ինովացիաների և տեխնոլոգիաների ոլորտում լինել այն միջավայրը, որի համար ստեղծվեն ՏՏ-ներ և տարածվեն ՀՀ տնտեսության մեջ և նաև Հայաստանից դուրս»:
Կարեն Վարդանյանի դիտարկմամբ՝ ազգ-բանակ հասկացությունը մեկ հիմք ունի, դա վստահությունն է. «Նոր նախարարն իր քայլերով պետք է կարողանա վերականգնել այն վսահությունը, որը լրջորեն խաթարվեց:
Պետք է կարողանանք արագ պատրաստել լեռնահրաձիգներ, որոնք կարող են ունիվերսալ խնդիրներ լուծել: Մենք պետք է վերապատրաստենք և լրիվ այլ զորքեր ստեղծենք: Պատերազմի բնույթը այսօր շատ կտրուկ փոխվում է, շատ ժամանակ կառավարվող, տեխնոլոգիական զենքով ենք կրակում:
Եթե մենք ուզում ենք համապատասխան լինել այսօրվա պատերազմի պայմաններին, նշանակում է հարյուր հազարավոր կառավարվող և Հայաստանում արտադրվող էժան զիանտեսակներ պետք է ունենանք և նաև մարդիկ, որոնք դա կառավարում են: Առնվազն 2000-3000 մարդ պետք է տիրապետի կառավարվող հրթիռների, անօդաչու թռչող սարքերի կառավարմանը: Կան մասնագետներ, բայց նրանք գիտնականներ են, պետք է դա սովորեցնել զորակոչիկներին: Մենք նախատեսում ենք, որ մեր ինժեներական լաբորատորիաները, որ ունենք 160 դպրոցումներում, համալրել անօդաչու թռչող սարքերով, և եթե մեր մոտեցումը կառավարության հետ համաձայնեցվի, բոլոր դպրոցներում ինժեներական խմբակներ կստեղծենք, ապա տարեկան 1-2 տարվա մեջ 2000-ից ավելի զորակոչիկներ կպատրաստենք, որոնք կտիրապետեն ԱԹՍ-ների կառավարումը, սպասարկումը: Սրանով կարող են զբաղվել նաև ոչ միայն տղաները: Այս գործընթացը կամավոր սկսված է արդեն»,- նշեց Կարեն Վարդանյանը:
Նա նաև ընդգծեց, որ կառավարության թիվ մեկ խնդիրը ռազմաարդյունաբերության ստեղծումն է, և այն այսօր պետք է սկսել:
Մանրամասները՝ տեսանյութում:










































