Լեհաստանն անհանգստացել է ռազմական ոլորտում Ռուսաստանի գործողություններից և պատրաստվածության վիճակում է պահում իր զինված ուժերը: TASS-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է երկրի պաշտպանության նախարար Անտոնի Մաչերևիչը՝ պատասխանելով Կալինինգրադի մարզում «Իսկանդեր» հրթիռների հնարավոր տեղակայման մասին հարցին:
«Ռուսաստանի վերջին գործողությունները մեծ անհանգստություն են ծնում: Մենք նկատի ենք ունենում բոլոր տեղեկությունները, այդ թվում որոնք խոսում են Կալինինգրադի մարզի տարածքում «Իսկանդեր» հրթիռների հնարավոր առկայության մասին, այն էլ՝ հատուկ կոնֆիգուրացիայով»,- ասել է Մաչերևիչը:
Նա նաև նշել է, որ լեհական զինված ուժերը և հետախուզության համակարգը մշտական պատրաստվածության վիճակում են Լեհաստանի անվտանգությունը երաշխավորելու համար:
Ավելի վաղ ԱՄՆ հետախուզությունը հայտարարել է Ռուսաստանի կողմից Կալինինգրադի մոտ «Իսկանդեր-Մ» համալիրներ տեղափոխելու մասին:









































