Ներկայացնելով նոր կառավարությանը, Սերժ Սարգսյանը հորդորել է նախկինների գործողությունների մեջ պատճառներ չփնտրել՝ նայել առաջ և գտնել խնդիրների լուծումներ: Այլ կերպ ասած, Սերժ Սարգսյանը կառավարությանը հորդորել է անարդյունավետությունը չփորձել արդարացնել նախկին կառավարության թողած վատ ժառանգությամբ: Սա, ինչ խոսք, միանգամայն ռացիոնալ մոտեցում և որոշում է, նկատի առնելով այն, որ Հայաստանում կարծեք թե ավանդույթ է դարձել, որ ամեն մի նոր պաշտոնյա կամ կառավարություն սկսում է իր միավորները հավաքելու փորձեր անել նախկինների թողած ժառանգության մատնանշումով, այդպիսով նաև ինքն իրեն ազատելով ներկայի անարդյունավետության պատասխանատվությունից:
Այդ ամենի հետևանքը եղել է այն, որ ամեն մի ներկա կուտակել է նախկինի վատ ժառանգությունը և փոխանցել հաջորդին: Այդ շղթան պետք է ընդհատվի, եթե կա պետությունը ծանր վիճակից դուրս բերելու, և ի վերջո վատ ժառանգության կուտակումը արգելակելու կամք: Մյուս կողմից, այստեղ կա որոշակի ուշագրավ մի նրբերանգ: Խոսքը նախկինի գնահատման մասին է: Հայաստանի խնդիրն է նաև այն, որ չեն տրվում նախկինների քաղաքական գնահատականներ, իրավական գնահատականներ: Վերջին հաշվով, ակնհայտ է, որ պետությունը դրվել է շատ ծանր վիճակում, ահռելի ծավալների է հասցվել պետական պարտքը, տնտեսությունը հասցվել է գրեթե սնանկության ու դատարկության: Եվ այս ամենը տեղի է ունեցել ոչ միայն քաղաքական սխալների, մասնագիտական սխալների պատճառով, այլ նաև կոռուպցիայի, որը ուղղակի քրեական հանցանք է: Սա նշանակում է, որ նախկին կառավարության գործունեությունը պետք է առնվազն լինի ուսումնասիրության առարկա, հասկանալու համար, թե դրանում որն է ենթակա իրավական, որը քաղաքական պատասխանատվության, որն է ենթակա բարոյական պատասխանատվության, իսկ որը ընդհանրապես պատասխանատվության հարց չունի: Սա արդեն առանցքային նշանակություն ունի ներկաների պատասխանատվության և զգոնության համար, որպեսզի նրանք ոչ միայն պատասխանատու լինեն Սերժ Սարգսյանի առաջ, այլ նաև հասարակության` և առաջին հերթին հասարակության, եթե պատրաստվում են ծառայել հասարակությանը, ոչ թե միայն Սերժ Սարգսյանին կամ իշխանությանը: Այստեղ սակայն, իհարկե պետք է անպայման արձանագրել մի դետալ` նախկին կառավարության գործունեությունն ուսումնասիրելը իհարկե, ամենևին նոր կառավարւթյան գործը չէ:
Նոր կառավարությունն իսկապես պետք է նայի առաջ և զբաղվի իր գործով: Իսկ նախկին կառավարության գործունեությամբ պետք է զբաղվի օրինակ ԱԺ ժամանակավոր հանձնաժողովը, իսկ հարկ եղած դեպքում` իրավապահները: Դա է պետական գործերի առաջընթացի, տնտեսության անկումը կասեցնելու և լիովին նոր ուղով առաջ գնալու ճանապարհը: Հակառակ դեպքում ստացվում է, որ մարդիկ կարող են զբաղեցնել բարձրագույն պաշտոններ, դրանց միջոցով լուծել անձնական հարցերը, պետական հարցերը հասցնել ուղղակի աղետալի վիճակի, և հետո հանգիստ հեռանալ նախագահական բարձր հովանու ներքո:









































