Հին հույները կարծում էին, որ ժամանակն անշարժ է, շարժվում են մարդիկ, որ արագացնում կամ դանդաղեցնում են կյանքը: Հին հույները իմաստուն էին, բայց չգիտեին, որ դառնալու են հին հույներ` ապրում էին իրենց պատկերացումների ու հնարավորությունների շրջանակում և ըստ այդմ էլ որակում ու գնահատում էին ժամանակն ու իրենց:
Մենք առաջ գնացե՞լ ենք նրանց պատկերացումներից ու գնահատականներից, թե՞ ոչ:
Ինչպիսի՞ն է մեր ժամանակը և ինչպիսի՞ն ենք մենք:
Ինքնահաստատման ճանապարհին ամեն սերունդ պատասխանում է արմատական երեք հարցերի` ո՞վ ենք, որտեղի՞ց ենք գալիս և ո՞ւր ենք գնում: Համարվում է, որ այդ հարցերը որոշակիացնում են անցյալը, ներկան ու ապագան` ժամանակի երեք չափումներում սերնդի ինքնակենսագրությունը դառնալով: Այդ հարցերի պատասխաններով գրվում է ժողովրդի պատմությունը: Սա համարենք աքսիոմա և անցնենք բազում հայտնիներով մեր հավասարմանը, որի պատասխանն է անհայտ` հակառակ մաթեմատիկայի օրենքներին:
Ինչպիսի՞ն է մեր երկիրն այսօր:
Ի՞նչ վիճակում է Հայաստանի տնտեսությունը` հիմքերի հիմքը, որ ի վերջո դառնում է յուրաքանչյուր երկրի անձնագիրը, որոշում նրա կշիռն ու ազդեցությունը միջազգային ասպարեզում: Ոչ մի վիճակում: Անկախության հաստատումից 20 տարի հետո էլ մենք ո՛չ գիտակցություն, ո՛չ պատկերացում ունենք, թե ինչպիսին պիտի լինի Հայաստանի տնտեսությունը: Միայն սովորել ենք ներսի ու դրսի ամբիոններից կապակցված կամ անկապ ելույթներ ունենալ: Իրականությունը մեկն է` Հայաստանում չկա տնտեսության զարգացման մշակված ծրագիր, չկա լոկոմոտիվ, չկա ուղղություն, չկա առաջնահերթություն: Կան հատվածական ու անհատական ինչ-որ ջանքեր: Ինչո՞ւ Հայաստանում հնարավոր չի դառնում արդյունաբերության լիարժեք գործարկումը, արդյո՞ք սպառման շուկաների ու հաղորդակցության ուղիների, նոր տեխնոլոգիաների բացակայության, անմրցունակության պատճառաբանությունները պատրվակներ չեն: Ինչո՞ւ Հայաստանում չի կայանում փոքր ու միջին բիզնեսը: Պարզ պատճառներով` տնտեսությունն ամբողջովին մոնոպոլացված է, փողոցում արևածաղիկ վաճառողից մինչև ատոմակայան ունեն իրենց ստվերային տերերը:
Պետական կառույցները, որոնց տեսական խնդիրը տնտեսության գործառնության պայմաններ ստեղծելն է, սերտաճած են բիզնեսի հետ: Որևէ օլիգարխի հնարավոր չէ ստվերից հանել, մրցակցային դաշտ տանել, որովհետև նրանք, ովքեր դա պետք է անեն` սեփական մասնակցությունն ունեն նրանց բիզնեսում: Ո՞վ է ծառի ճյուղը կտրում` այդ ճյուղին նստած: Կլանային տնտեսությունն ու կոռուպցիան այնքան սերտաճած են Հայաստանի գործող իշխանական համակարգին, որ սիամական երկվորյակները կնախանձեին: Ինչ ծրագրեր էլ հայտարարվեն, ինչ կոչեր էլ արվեն` իրավիճակ չի փոխվելու, քանի դեռ համակարգ չի փոխվել:
Իսկ կյանքը տեղում չի կանգնում` մինչև ինչ-որ տեղ իր այս ու այն ուղղությամբ զարգանալու վերաբերյալ որոշումներ ընդունեն` մարդիկ ամեն օր ունեն հացի խնդիր: Տնտեսության հայտնի վիճակի ածանցյալը սոցիալական հայտնի վիճակն է, որ օրեցօր աճող գների պարագայում գերազանցում է ինքն իր ռեկորդները: Եվ այնուամենայնիվ, սոցիալական ծանր վիճակը չէ, որ մարդկանց ընկճում է, այլ` արդարության անհնարինությունը, «Տերովին տերն է պահել, անտերին գելն է կերել» դաժան իրականությունը: Սոցիալ-հոգեբանական այս վիճակի ուղղակի հետևանքը դարձել է արտագաղթը: Եթե վերջին մեկ տարում Հայաստանից արտագաղթել է 60.000 հայ, նշանակում է` երկիրը դատարկվել է պայմանականորեն օրը 164 մարդ արագությամբ, այսինքն` ժամում 15 մարդ: Քանի՞սն են ներգաղթել: Ի՞նչ հարաբերակցություն ունեն ծնելիությունն ու մահացությունը: Ինչքա՞ն ժամանակ է մնացել մեզ…
Իսկ հիմա Հայաստանը համեմատեք Հարավային Կովկասի այլ երկրների հետ: Եվ համեմատության չափանիշներ վերցրեք տնտեսության վիճակը, ՀՆԱ-ն, ներմուծման ու արտահանման հարաբերակցությունը, սոցիալական վիճակը, բնակչության թիվը, բնական պաշարները, հաղորդակցության հնարավորությունները և… Միանշանակ` Հայաստանն այսօր ամենաթույլ օղակն է տարածաշրջանում:
Ադրբեջանը, քաղաքական հենարան ունենալով Թուրքիային, տնտեսական ասպարեզում շահագործում է իր հանքահումքային հարստությունները և նավթի ու գազի հաշվին մնում ալիքի վրա, բազմապատկում ռազմական բյուջեն ու… նույնիսկ հաղթում «Եվրատեսիլում»:
Տարածաշրջանում 90-ական թթ. վերջերին Վրաստանը ամենակոռումպացված, թույլ երկիրն էր, որ Հայաստանին էլ ահռելի պարտքեր ուներ: «Վարդերի» հեղափոխությունից հետո փոխվել է վերաբերմունքը տնտեսության հանդեպ` երկրում գործում է ազատական տնտեսության մոդելը, որ հնարավորություն է տվել ձեռներեցներին առանց բյուրոկրատական քաշքշուկների զբաղվել իրենց բիզնեսով ու չընկնել այս ու այն մոնոպոլիայի ազդեցության տակ: Հետևանքը ոչ միայն ազգային տնտեսության զարգացումն է, այլև ներդրումների հոսքը` պատահական չէ, որ հայ գործարարը նախընտրում է բիզնեսով զբաղվել Վրաստանում:
Երբևէ մտածե՞լ եք` ինչո՞ւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն ու անդամ երկրների նախագահները, միջազգային կառույցները իրենց հայտարարություններում ու հռչակագրերում իրերին ու երևույթներին իրենց անունները չեն տալիս: Հիանալի իմանալով իրականությունը` ինչո՞ւ Մինսկի խումբը չի ասում` ո՞վ է մեղավոր սահմանային միջադեպերի համար: Ինչո՞ւ որևէ մեկը ուղիղ չի մեղադրում Ադրբեջանին դիպուկահարներին սահմանից չհեռացնելու համար: Փոխարենը, ՄԽ համանախագահներն ասում են` ստատուս քվոն այլևս անընդունելի է: Իսկ ստատուս քվոյի փոփոխությունը լինելու է մեր հաշվին: Տարածաշրջանում Թուրքիայի, Ադրբեջանի, Վրաստանի հետ կապված խնդիրները լուծվելու են մեր հաշվին, որովհետև մենք ենք, որ ոչ մի քայլ առաջ չենք անում, մոլորված հավի նման բնի մեջ պտտվում ենք աջ ու ձախ ու մտածում ենք` ե՞րբ թևներս կերկարի, որ թռչենք-գնանք:
Ո՞րն է ելքը:
Ելքը մեկն է` Ժողովրդավարությունը իբրև ուղիղ ճանապարհ:
Հայաստանը պետք է զարգացնի իրեն անխոցելի դարձնող միակ ռեսուրսը` ժողովրդավարությունը:
Ժողովրդավարությունը իշխանության կամ ընդդիմության մենաշնորհը չէ: Ժողովրդավարությունը այն ճանապարհն է, որ սկսվում է առաջին քայլից ու չի վերջանում, որովհետև զարգացող կյանքը անընդհատ նոր խնդիրներ է առաջադրում:
Վաղուց ժամանակն է հասկանալու, որ ներքաղաքական կամ արտաքին քաղաքական խնդիրներն ու հնարավոր զարգացումները քննարկելիս ելակետ պետք է ունենալ ոչ թե ներկուսակցական ու միջկուսակցական, անձնային ու անձնական խնդիրները, այլ ընդունել, որ իրավիճակ է փոխվել, հարթություն է փոխվել:
Ժամանակն է հասկանալու, որ հիմա տեղի ունեցող իրադարձությունները իշխանություն-ընդդիմություն առանձին հարթությունների ու այդ հարթությունների համատեղելիության կամ անհամատեղելիության վերաբերյալ չեն: Խնդիրը արդեն պետականությունն է, հարթությունը ընդհանուր է` հայրենիք, ժողովուրդ, ապագա, որտեղ անձնական կամ կուսակցական տուն-տունիկը ծիծաղելի կլիներ, եթե այդքան վտանգավոր չլիներ:
Մարտահրավերներն արդեն ընդհանուր են և ընդհանրական լուծումներ էլ պահանջում են:
Թիվ 1 խնդիրը այսօր արդար ընտրություններն են, որ կարող են լինել միայն արտահերթ: Դա պիտի լինի իշխանության ու ընդդիմության երկխոսության միակ թեման, մնացած հարցերը ածանցյալ են: Ժողովրդավարության հասնելու այլ մոդելներ չեն գործում` տարիների փորձը դա ապացուցել է: Իհարկե, ե՛ւ 2012-ին, ե՛ւ 2013-ին գործող իշխանությունը, օգտագործելով տասնամյակներով կուտակած փորձն ու իշխանական, ֆինանսական ռեսուրսները, կուսակցական ու թաղային «կապիտալը», կարող է բարեհաջող վերարտադրվել: Հետևանքը չի լինի ո՛չ Ահեղ դատաստանը, ո՛չ Արմագեդոնը: Հետևանքը կլինի ընտրախախտումների հետևանքով այսօրվանից առավել խոցելի նախագահը, որն էլ, իր հերթին, առավել խոցելի ու կառավարելի կդարձնի երկիրը միջազգային ասպարեզում, հերթական անգամ իշխանություն-օլիգարխներ կապը հարվածի տակ կդնի Հայաստանում երբևէ նորմալ տնտեսություն ունենալու շանսը, բարոյահոգեբանական մթնոլորտի մասին ավելորդ է խոսելը, ակնհայտ է, թե ինչպես կլուծվի Ղարաբաղի հարցը, ինչ ճակատագիր կունենան հայ-թուրքական հարաբերությունները, ինչ ռեկորդներ կգրանցի արտագաղթը և…
Միայն գործող նախագահի հրաժարականը հնարավոր կդարձնի ժողովրդավարական ընտրությունների անցկացումը, այլ տարբերակներ չկան: Եթե կան, առաջարկեք, հիմնավորեք, հետոն այլևս ուշ է լինելու:
Իհարկե, հարց է առաջանում,- փոքր երկրների մեծ դժբախտությունն է, որ շատ հաճախ իրենք ամեն ինչ չեն որոշում,- հնարավո՞ր են արմատական փոփոխություններ առանց դրսի միջամտության` աջակցելու կամ խանգարելու:
Հնարավոր են, եթե մեզ առաջնորդի «Ոչ թե կողմնորոշում, այլ` ինքնորոշում» սկզբունքը, եթե իրապես դավանում ենք ժողովրդավարական արժեքներ, որոնք ոչ թե ձևական են, այլ համոզմունք: Մեզ ճիշտ ուղենիշներ են պետք:
Ակնհայտ է, որ հետխորհրդային տարածքի երկրների խնդիրները ընդհանուր են, չի կարող Ռուսաստանը ժողովրդավարության օրինակ լինել նախկին խորհրդային որևէ երկրի համար, որովհետև նույն բարդույթներն ունի ինքը: Լինելով մեծագույն բնական հարստությունների, ռազմական, տնտեսական, ֆինանսական, մարդկային ռեսուրսների, վիթխարի տարածքի տեր` Ռուսաստանն առայսօր ունի կառավարման համակարգի կատարելագործման, կուսակցական համակարգի չկայացածության, մարդու իրավունքների, խոսքի ազատության, այլևայլ խնդիրներ: Ռուսաստանը դեռ որոնում է ինքն իրեն ու իր ապագայի մոդելը, ի տարբերություն մեզ` ունենալով ե՛ւ հնարավորություններ, ե՛ւ ժամանակ: Մենք չունենք:
Փոխարենը, Հայաստանն ունի քաղաքական պայքարում կոփված ժողովուրդ և ունի ընդդիմություն, որին հաջողվել ու հաջողվում է ոչ միայն պահպանել ժողովրդի քաղաքական ակտիվությունը, այլև ձևավորել քաղաքացիական գիտակցություն, որ ելքը կառավարական շենքերը գրավելով ու ճանապարհներ փակելով իշխանություն փոխելը չէ, այլ` իշխանությանը հանգեցնել արտահերթ ընտրությունների անհրաժեշտության ընկալմանը:
Արդեն խնդիրը իշխանությունը պահպանելուն կամ իշխանություն ձեռքբերելուն չի վերաբերում, խնդիրը վերաբերում է պետությանն ու պետականությանը: Պետականության զարգացման ճիշտ ուղի մտնելու հնարավորությունների ժամանակը սպառվում է, այս շրջադարձից հետո` կա՛մ ճիշտ ճանապարհ, կա՛մ ճանապարհ ոչ մի տեղ:
Ցավալիորեն, հայրենիքի զգացողությունը սրվում է միայն արտաքին վտանգի դեպքում: Բայց ո՞վ է մեզ ներշնչել, որ պատերազմն ավարտվել է, ո՞վ է մեզ համոզել, որ հայրենիքը պետք է միայն պաշտպանել, ո՞վ է մեզ իրավունք տվել այսքան արխային լինել:
Կա քարերը նետելու ու քարերը հավաքելու ժամանակ, համապատասխանաբար` մտածելու ու գործելու ժամանակ: Տանուլ են տալիս նրանք, ովքեր անընդհատ մտածում են ու ոչինչ չեն անում, տանուլ են տալիս նրանք, ովքեր առանց մտածելու են ինչ-որ բան անում:
…Ոչ միայն տարածքն է շագրենի կաշվի պես կրճատվում, այլև ժամանակը:
…Հին հույներին հին հույներ դարձրին նրանց ժառանգները: Ի՞նչ են անելու մեր ժառանգները:
…Եվ հետո չհարցնեք, թե ո՞ւմ են պետք լուսացույցերն անապատում:
Արամ Սարգսյան
«Հանրապետություն» կուսակցության նախագահ