Աշխարհում ՄԱԿ-ի բարի կամքի դեսպան դարձած առաջին կենդանիները՝ երկվորյակ պանդաները, ստացել են Ցիցի և Դյանդյան անունները։ Այս մասին հայտնում է «Սինհուա» գործակալությունը։
2015 թվականի սեպտեմբերին համաշխարհային առաջնորդները Նյու Յորքում ընդունել էին օրակարգ մինչև 2030 թվականը կայուն զարգացման ոլորտում։ Միաժամանակ չինական Չենդու արգելոցում լույս աշխարհ էին եկել երկվորյակ պանդաներ։ Դրանում տեսնելով խորհրդանշանակություն՝ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի աշխատողները որոշել էին հանրության ուշադրությունը հրավիրել կայուն զարգացման նպատակներին պանդաների օգնությամբ և նրանց նշանակել ՄԱԿ-ի բարի կամքի՝ աշխարհում առաջին կենդանի դեսպաններ։
Անունների մրցույթը հայտարարվել էր այս տարվա հունվարի 17-ին։ Այս ընթացքում կազմակերպիչները ստացել էին 116 երկրից ավելի քան 5000 առաջարկ։








































