«Ի՞նչ է նշանակում Հայաստանի սահմաններում ռուսամետություն, եվրոպամետություն կամ ամերիկամետություն և դրա հակառակը: Կամ՝ ի՞նչը պետք է արմատախիլ արվի, ինչպե՞ս և ինչո՞ւ: Խոսքը ոչ համարժեք, միևնույն հարթության վրա չգտնվող կատեգորիաների մասին է»,- գնահատելով Նիկոլ Փաշինյանի հանրահավաքային ելույթը՝ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը՝ հավելելով, որ ինքը 100 տոկոսով կհամաձայներ նրա հետ, եթե Հայաստանը լիներ ակվարիումի մեջ:
Նրա խոսքով՝ Հայաստանը գտնվում է մի տարածաշրջանում, որը գլոբուսի վրա ամենաֆրագմենտացվածն է, որտեղ բախվում են ուժային կենտրոնների շահերը:
«Ուղղակի ես Հայաստանի հարատևությունը տեսնում եմ նրանում, որ Հայաստանը լինելով Հարավարևելյան Եվրոպայում, Եվրաատլանտյան տարածքի մի մաս՝ այդտեղ եղած խնդիրների մաս պետք է դառնա, ոչ թե այդ տարածաշրջանի պրոբլեմ»,- ասաց Ռուբեն Մեհրաբյանը՝ հավելելով, որ Հայաստանն այդպիսին են դարձնում Հայաստան-Ռուսաստան կապերը:
Փորձագետը այս ամենում կարևորեց նաև արժեքային հենքը, իսկ այդ արժեքը Եվրոպայում և ԱՄՆ-ում մարդն է. «Իսկ ո՞վ է Հայաստանում մարդը՝ նա արժե՞ք է, թե՞ միջոց: Ռուսաստանում կարևորը համարում են պետությունը, ցարին, այսինքն՝ մենք գործ ունենք քարանձավային մտածողության հետ, որը համամարդկային արժեքներին փորձում է ներկայանալ որպես ալտերնատիվ: Ուստի մենք չենք կարող լինել և՛ այնտեղ, և՛ այստեղ, կամ՝ ո՛չ այնտեղ, ոչ՛ այստեղ»:
Ինչպես նշեց փորձագետը՝ Ռուսաստանն այսօր Հայաստանի թիվ մեկ սպառնալիքն է՝ բոլոր առումներով. «Մենք ուղղակի կարող ենք վերանալ այս ամեն ինչի արդյունքում՝ իրականացվում է Հայաստանն առանց հայերի քաղաքականությունը, Հայաստանից բնակչությունն արտահանվում է Ռուսաստան»:
Ուստի Ռուբեն Մեհրաբյանը Փաշինյանի հռետորաբանության մեջ տեսնում է կա՛մ մանիպուլյացիա, կա՛մ մոլորություն. «Այս քաղաքական տեխնոլոգիան կիրառողը կարծում է, թե դա կարող է ինչ-որ օգուտներ բերել, ինչը մոլորություն է»:
«Այս ամենը փախուստ է պատասխանատվությունից, որովհետև քաղաքական գործիչը մտածում է հաջորդ ընտրությունների մասին՝ ի տարբերություն պետական գործչի, որը մտածում է հաջորդ սերունդների մասին: Ուստի մենք չենք կարող խուսափել այն պատասխանից, թե մենք ինչ արժեքային հենքի վրա ենք հիմնվելու, որը մեզ կտանի դեպի ապագա: Մինչդեռ նրանք գնում են կարճ ճանապարհի փնտրտուքով»,- ասաց մեր զրուցակիցը՝ այդ ուղին համարելով փակուղային, ինչը պետության համար ռազմավարական առումով ելք չէ:








































