ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի հետախուզության հարցերով կոմիտեն նամակ է ուղղել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային, որում Ազգային անվտանգության գործակալության նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենին հանցագործէ անվանել։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով օրենսդիրների փաստաթղթին։
«Սնոուդենը հայրենասեր չէ։ Նա նաև գաղտնազերծող չէ։ Նա հանցագործ է»,- ընդգծվում է փաստաթղթում։
Կոնգրեսականները նրան մեղադրել են նաև երկրի ազգային անվտանգությանը վիթխարի վնաս հասցնելու համար։ Բացի դրանից՝ նրանք անհանգստություն են հայտել, որ տեղեկատվության գաղտնազերծումից ավելի քան 3 տարի անց հատուկծառայությունները չեն ընդունել անհրաժեշտ միջոցառումներ՝ նվազագույնի հասցնելու համար ևս մեկ նման միջադեպի ռիսկը։
Օրենսդիրների կարծիքով՝ Սնոուդենի գողացած տվյալները կարող են հայտնվել ռուս, չինացի, իրանցի և հյուսիսկորեացի հատուկծառայությունների աշխատակիցների ձեռքում, ինչպես նաև համացանցին հասանելիություն ունեցող ահաբեկիչների և ցանկացածի ձեռքում, որը ցանկանում է վնաս պատճառել ԱՄՆ-ին։ Սնոուդենի հասցրած վնասի մասշտաբները մինչ օրս չեն պարզվել։
Սնոուդենն իր թվիթերյան միկրոբլոգում հերքել է մեղադրանը՝ նշելով, որ այն «հնարամտորեն աղավաղված է»։
Ավելի վաղ Amnesty International և Քաղաքացիական ազատությունների պաշտպանության ամերիկյան միությունը արշավ էին սկսել Սնոուդենին ներելու վերաբերյալ Օբամային ուղղված պահանջով։








































