Սամարղանդի հազարավոր բնակիչներ դիմավորել են Ուզբեկստանի նախագահ Իսլամ Քարիմովի մարմինը տանող շարասյունը, որը քաղաքային օդանավակայան է տարվել Տաշքենդից: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
Օդանավակայանից մինչև Սամարղանդի կենտրոն ձգվել է դիմավորողների շղթան: Տղամարդկանց մեծ մասը եղել է սև տաբատներով ու սպիտակ վերնաշապիկներով: Շատերը ծաղիկներ են տարել: Կանայք հիմնականում ազգային զգեստներով են եղել: Շատերը չեն կարողացել զսպել արցունքները:
Շարասյունն ընթացել է դեպի Սամարղանդի կենտրոն՝ հայտնի Ռեգիստան հրապարակ: Այնտեղ կդրվի դագաղը հրաժեշտի արարողության համար: Այն սկսվել է տեղի ժամանակով ժամը 12-ին (մեր ժամանակով՝ 11:00):
Այնտեղից սգո թափորը կուղղվի պատմական Շահի-Զինդա գերեզմանոց, որտեղ թաղված են միջնադարյան գործիչներ, նաև Իսլամ Քարիմովի ծնողները: Նախագահը կթաղվի նրանց կողքին: Վերջին 20 տարում Շահի-Զինդայում ոչ ոքի չեն թաղում, բայց Քարիմովի համար բացառություն է արվել:
Ներկայումս Սամարղանդի կենտրոնը ամբողջովին փակ է մեքենաների համար, այնտեղ հնարավոր է միայն ոտքով տեղաշարժվել: Յուրաքանչյուր խաչմերուկում ոստիկաններ են հերթապահում:








































