Գերմանիայի հետախուզական ծառայությունը (BND) օգտագործել է մասնավոր անձանց անձնական տվյալները առանց նրանց համաձայնության և օրինական հիմքերի: Այս մասին հայտնում է գերմանական Tagesschau պարբերականը՝ վկայակոչելով տվյալների պահպանության հարցերով մասնագետ Անդրեի Ֆոսհոֆի զեկույցը:
«BND-ն առանց օրինական հիմքերի հանել է անձնական տվյալները և համակարգված կերպով դրանք օգտագործել աշխատանքում»,-ասվում է զեկույցում:
Ֆոսհոֆը հայտարարել է, որ BND-ն սահմանափակել է հետախուզական ծառայության կողմից հեռահաղորդակցման և համակարգչային ցանցերի օգտատերերի անձնական տվյալների օգտագործման ոլորտում հետագա հետաքննություն կատարելու իր հնարավորությունները:
«BND-ն զգալիորեն ինձ զրկել է վերահսկողություն իրականացնելու հնարավորությունից: Այժմ ես չեմ կարող լիարժեք արդյունավետ ստուգումներ անցկացնել: Դա բավական լուրջ իրավախախտում է»,- նշել է Ֆոսհոֆը:
Մասնավորապես, նրա խոսքով՝ BND-ն իրեն արգելել է հասանելիություն ունենալ այնպիսի տվյալների օգտագործման վերլուծությանը, ինչպիսիք են հեռախոսի համարները և էլեկտրոնային փոստի հասցեները:









































