Շոտլանդիայի առաջին նախարար Նիկոլա Սթերջենը հայտարարել է արշավի մեկնարկի մասին, որը կոչված է պարզելու շոտլանդացիների կարծիքը Լոնդոնից անկախության հարցով նոր հանրաքվեի անցկացման վերաբերյալ և ապահովել շրջանի բնակիչների շահերը, որոնք ձգտում են պահպանել ԵՄ-ին անդամակցությունը: Այս մասին հայտնում է Reuters-ը:
2014թ. հանրաքվեում Շոտլանդիան քվեարկել է Մեծ Բրիտանիայի կազմում մնալու օգտին: Երբ Մեծ Բրիտանիան հունիսի 23-ին քվեարկեց հօգուտ ԵՄ կազմից դուրս գալու, Շոտլանդիայի ղեկավարը հայտարարել էր, որ չի բացառում Բրիտանիայից անկախության մասին նոր հանրաքվեի անցկացում:
«Երաշխավորելու համար, որ Շոտլանդիայում յուրաքանչյուրի ձայնը լսելի է փոփոխությունների այս շրջանում, ես այսօր սկսում եմ Շոտլանդիայում լսելու (շոտլանդացիների կարծիքը) ամենալայնածավալ քաղաքական արշավը»,- ասել է առաջին նախարարը:
YouGov ընկերության հարցման արդյունքներով՝ Շոտլանդիայի բնակիչների մեծ մասը բացասաբար է վերաբերվում ԵՄ-ից դուրս գալու Բրիտանիայի որոշմանը, այդուհանդերձ՝ շոտլանդացիների 53%-ը ցանկանում է մնալ Մեծ Բրիտանիայի կազմում, իսկ 47%-ը կողմ է անկախությանը:







































