Քրդական Fırat լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Սիրիայի հյուսիսում գտնվող Քոբանի քաղաքի քուրդ բնակիչները բողոքի ակցիա են անցկացրել Թուրքիայի հետ սահմանին:
Ակցիայի մասնակիցները թուրք զինվորականներից պահանջել են դադարեցնել սահմանային գծում արգելափակոցների կառուցումը: Ի պատասխան՝ թուրքական զորքերը կիրառել են արցունքաբեր գազով նռնակներ ու կրակ են բացել: Արդյունքում զոհվել է 17-ամյա դեռահաս, ևս 40 քրդեր վիրավորվել են:
Քոբանիի քրդական իշխանություններն ապօրինի են համարել պատի կառուցումը, որը նրանց համար հավելյալ բարդություններ կստեղծի թուրքական կողմի մոտ գտնվող ազգականներին այցելելիս:
Բացի այդ, նրանք պնդում են, որ թուրք զինվորականներն այդ շրջանում 400 մետրով առաջ են շարժվել սիրիական տարածքում:








































