Իտալիան կողմ չէ ԵՄ անդամակցության շուրջ Թուրքիայի հետ բանակցությունների դադարեցմանը, բայց միաժամանակ անհրաժեշտ է համարում Անկարայից պահանջել պաշտպանել մարդու իրավունքները: RAI Novosti-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Իտալիայի ԱԳՆ ղեկավար Պաոլո Ջենտիլոնին:
«Չեմ կարծում, թե դա լավ գաղափար է: Թուրքիայի հետ բանակցությունների ուղղությունը պարզ է, մենք պետք է հստակորեն աջակցենք թուրքական իշխանություններին ընդդեմ հեղաշրջման փորձի և թուրքական իշխանություններից պահանջենք մարդու իրավունքների պաշտպանություն: Բայց ես չեմ կարծում, որ լավ կլիներ դադարեցնել բանակցությունները Թուրքիայի հետ»,- ասել է Ջենտիլոնին լրագրողներին ԵՄ ԱԳՆ ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպումից առաջ, որի ընթացքում կքննարկվեն նաև Թուրքիայի հետ հարաբերությունները:
Մեկնաբանելով ԵՄ-ի և Անկարայի հարաբերություններում խնդիրները՝ նա հայտարարել է. «Կարծում եմ՝ այդ լարվածության պատճառը մասամբ թյուրիմացությունն է, մենք պետք է նվազեցնենք այդ լարվածությունը»:
Թուրքիայում հեղաշրջման փորձի գործով զանգվածային ձերբակալություններից հետո արևմտյան երկրները քննադատեցին Թուրքիային: ԵՄ ղեկավարությունը բազմիցս հայտարարել է, որ Թուրքիայում մահապատժի ներդրման դեպքում երկիրը չի կարողանա հավակնել միությանն անդամակցությանը:
Ավելի վաղ Ավստրիայի կանցլեր Քրիստիան Քերնը հայտարարել է սեպտեմբերի 16-ին ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության հարցով բանակցությունների դադարեցման շուրջ «կոշտ քննարկում» նախաձեռնելու մտադրության մասին:







































