Բացվել է «Սասնա Ծռեր» բարեգործական հիմնադրամ: «Սասնա ծռեր» բարեգործական հիմնադրամը ստեղծվել է ՀՀ-ում առկա քաղհալածյալներին, քաղբանտարկյալներին և նրանց ընտանիքներին սատարելու համար: Այս մասին այսօր` օգոստոսի 31-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց հիմնադրամի հիմնադիր Ֆելիքս Հայրապետյանը:
«Հավաքված գումարով ապահովելու ենք աջակցություն` իրավաբանական, ֆինանսական, հոգեբանական և հարկ եղած այլ հարթություններում: Հիմնադրամն արդեն պաշտոնապես գրանցված է, բացվել է հաշվեհամար»,- ասաց Ֆելիքս Հայրապետյանը:
Հիմնադրամի նախագահ է նշանակվել Կյուրեղյան եղբայրների հայրը` Արմենակ Կյուրեղյանը: Այս պահի դրությամբ հիմնադրամին է փոխանցվել 700 ԱՄՆ դոլար և 30 հազար դրամ:
«Մենք մտադիր ենք նաև բժշկական աջակցություն ապահովել: Հույս ունենք, որ հավաքված գումարներով կկարողանանք տարբեր տեսակի աջակցություններ ապահովել: Ոչ մի հալածյալի աչքաթող չենք անելու: Այս պահին կա 68 քաղհալածյալ, եթե որևէ մեկին չենք ներգրավել, կարող են դիմել մեզ և կներգրավվենք մեր ցուցակներում»,- ասաց հիմնադրամի ադամ Եղիշե Պետրոսյանը: Նա հորդորեց հայ հասարակությանը, նաև սփյուռքահայությանը` ամսական հարյուր դրամ փոխանցել հաշվեհամարին: Հաշվեհամարը բացվել է Ամերիաբանկում:
Արմենակ Կյուրեղյանը հավաստիացրեց, որ հիմնադրամը աշխատելու է թափանցիկ և դրա մուտքերն ու ելքերը հասարակության համար լինելու են բաց: «Մեր նպատակն է անել հնարավոր ամեն ինչ, որպեսզի տղաներն իրենց միայնակ չզգան»,- նշեց Ա. Կյուրեղյանը:
Մանրամասները՝ տեսանյութում:









































