Ֆրանսիայի իշխանությունները տարեսկզբից երկրից արտաքսել են 15 օտարերկրացու, որոնք ատելության կոչ են արել և աջակցել ահաբեկչությանը: Այս մասին Croix պարբերականին տված հարցազրույցում հայտարարել է Ֆրանսիայի ՆԳՆ ղեկավար Բեռնար Կազնևը:
«Մենք զիջումների չենք գնում նրանց հանդեպ, ովքեր մզկիթներում ատելության կոչ են անում և ահաբեկչություն հրահրում: Ես հստակ հրահանգներ եմ տվել արտաքսել այն օտարերկրացիներին, որոնք այդպիսի խոսակցություններ են վարում մզկիթների ներսում կամ այնտեղից դուրս: 2012 թվականից այդպիսի միջոցի են դիմել ավելի քան 80 անգամ: Տարվա սկզբից մենք արտաքսել ենք 15 մարդու, նրանցից 6-ին՝ օգոստոսին»,- ասել է Կազնևը:
Նա նշել է, որ իշխանությունները վերջին ամիսներին փակել են մոտ 20 մզկիթ և աղոթքի սրահ, որտեղ տեղի է ունեցել ծխականների արմատականացում: Ներկայումս մշակվում են ևս մի քանի նման հաստատությունների մասին փաստաթղթեր:
«Մեր ջանքերը արմատական իսլամի դեմ համալիր բնույթ ունեն, դրանցում ներգրավված են բոլոր շահագրգիռ կողմերը, այդ թվում՝ մուսուլմանական կրոնական առաջնորդները»,- հայտարարել է նախարարը:










































