ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը դատապարտել է Հյուսիսային Կորեային բալիստիկ հրթիռի հերթական արձակման համար։ Խորհրդի անդամները համաձայնել են ընդունել արտակարգ միջոցառումներ՝ ի պատասխան Փխենյանի գործողությունների։ Այս մասին հայտնում է BBC-ն։
Բավականին կտրուկ հայտարարությանն աջակցել է նաև Չինաստանը, որը սովորաբար համարվում է աշխարհում Հյուսիսային Կորեայի հիմնական դաշնակիցը։
Այս շաբաթ Հյուսիսային Կորեան Ճապոնական ծովում սուզանավից արձակել է բալիստիկ հրթիռ։ Հարավկորեացի և ամերիկացի զինվորականների տվյալներով՝ հրթիռն անցել է մոտ 500 կմ և ընկել ծովը։
ԱԽ-ն հրթիռի արձակումն անվանել է իր միանգամից 6 բանաձևերի կոպիտ խախտում։ Դրանք ընդունվել են 2006-2016թթ. և Փխենյանին արգելում են ցանկացած գործունեություն՝ կապված միջուկային զենքի մշակման հետ։ ԱԽ-ն նաև լուրջ անհանգստություն է հայտնել այն առնչությամբ, որ ապրիլից Հյուսիսային Կորեան իրականացրել է արդեն 7 հրթիռային փորձարկում՝ լիովին անտեսելով միջազգային հանրության կոչերը:








































