Բարեփոխման շրջանակներում, որը մշակում է Եվրահանձնաժողովը, հեղինակները որոնողական համակարգերից կարող են ստանալ հեղինակային հոնորարներ պահանջելու իրավունք՝ տեքստերի հատվածները հրապարակելու համար: Այս մասին հայտնում է Financial Times-ը:
Պարբերականը նշում է, որ հեղինակային իրավունքի հարցում Եվրահանձնաժողովի առաջարկները կհրապարակվեն սեպտեմբերին: Դրանց նպատակն է շուկայի վրա նվազեցնել խոշոր օպերատորների (ինչպիսին Google-ն է) ազդեցությունը: Ըստ պաշտոնյաների՝ մի ձեռքում կենտրոնացած շուկայի մեծ բաժինն այնպիսի սեգմենտներում, ինչպիսին որոնումն է, հանգեցնում է կոնտենտի ստեղծողների և որոնողական համակարգերի միջև բանակցությունների «անհավասարակշռության»:
Նախագծի հիմքում հեղինակներին կոնտենտի «բացառիկ իրավունքների» տրամադրումն է: Դա որոնողական համակարգերին կստիպի տեղեկություն մատակարարողների հետ համաձայնեցնել դրա օգտագործման պայմանները:







































