Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ «Լրագրողներ առանց սահմանների» (RWB) կազմակերպությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում դատապարտել է Ադրբեջանում առաջատար ընդդիմադիր «Ազադլըղ» («Ազատություն») թերթի ֆինանսական տնօրեն Ֆաիք Ամիրովի կալանավորումը:
RWB-ը զավեշտալի ու անհեթեթ է համարել այն, որ Ամիրովին մեղադրել են կրոնական ատելություն բորբոքելու և Ֆեթհուլլահ Գյուլենի շարժման իմամ հանդիսանալու համար: «Գյուլենի մասին գրքեր պահպանելու մեղադրանքը չի դիմանում որևէ քննադատության, քանի որ դրանք արգելված չեն Ադրբեջանում:
Ադրբեջանի իշխանությունները որոշել են փոխառել Էրդողանի պրակտիկան, որն իր քննադատների դեմ պայքար է մղում՝ քողարկվելով գյուլենականների դեմ պայքարի ներքո: Միջազգային հանրությունը պետք է սկսի ճնշում գործադրել Ադրբեջանի կառավարության վրա, որպեսզի դադարեցվեն այդ բռնություններն ու նրան հարկադրեն հարգել սեփական պարտավորությունները՝ որպես Եվրոպայի Խորհրդի անդամ»,- ասված է հայտարարության մեջ:
Կազմակերպությունը հիշեցնում է, որ Ադրբեջանում բռնությունների նոր ալիքը մեկնարկել է հուլիսի 15-ից հետո. Բաքվի իշխանությունները որոշեցին օգտվել Թուրքիայում կատարված ռազմական հեղաշրջման փորձից, որպեսզի բռնությունների ենթարկեն անցանկալի անձանց՝ նրանց մեղադրելով Գյուլենի հետ կապերի համար, որին Անկարան համարում է ռազմական հեղաշրջման կազմակերպիչ: Ընդ որում՝ Բաքուն պատճենում է Անկարայի օգտագործած մեղադրանքներն ու գործողությունները:










































