Փորձագետներն արդեն իսկ սկսել են կանխատեսել բավական անհետաքրքիր և ձանձրալի քաղաքական ամառ Հայաստանի ներքաղաքական զարգացումների տեսանկյունից: Իհարկե, ամառն արդեն կիսվել է և ձանձրույթի մասին կանխատեսումներ անելու համար առանձնակի մեծ հմտություններ պետք չեն, քանի որ Երևանի ավագանու ընտրություններից հետո քաղաքական ուժերի առաջին արձագանքները հուշեցին, որ ամառը հենց այդպիսին էլ լինելու է:
Հետաքրքրության «կղզյակներն» առաջանում են ընդամենը իշխանության ներսից բխող կոմպրոմատային պատերազմի արդյունքում, որը, սակայն, քաղաքական անցուդարձի հետ այդքան էլ կապ չունի և իշխանության մեջ ընդամենը դիրքային պայքարի արտահայտություն է, որը ոչ մի կերպ չունի քաղաքական որևէ զարգացման համար ելակետային լինելու ներուժ: Պատճառն այն է, որ այդ կոմպրոմատային պայքարը նախաձեռնողներն իրենք չունեն դրա վրա որևէ քաղաքական զարգացում կառուցելու կամք, հնարամտություն և մտադրություն, որովհետև դրա համար չկա արտաքին հավանություն: Արտաքին հավանությունը, այսինքն` գերտերությունների այս կամ այն հանձնարարականը, ակնարկը կամ հորդորը Հայաստանի ներքաղաքական կյանքի միակ շարժիչն է մնացել: Մյուսը կարող էր լինել սոցիալական լարվածությունը, սակայն հասարակության հիասթափությունն այդ լարվածությունից ավելի մեծ է, և ներքաղաքական կյանքը մնացել է մեկ շարժիչով, ինչի պատճառով էլ թռիչք չի լինի:
Կարծես թե ազգային ուղևորափոխադրողի սնանկացումը ազդել է ոչ միայն ավիացիայի, այլ նաև քաղաքականության վրա: Հայաստանի ներքաղաքական անդորրը, սակայն, ոչ թե արտաքին ցուցումների կամ հորդորների բացակայության արդյունք է, այլ հենց արտաքին պլանավորման դրսևորում: Այսինքն` Արևմուտքն ու Ռուսաստանը Հայաստանի մասով կարծես թե եկել են փոքր համաձայնության առ այն, որ առժամանակ հանգիստ թողնեն ներքին սուբյեկտներին՝միմյանց հետ հարաբերությունների պարզաբանումը տեղափոխելով առավել գլոբալ ոլորտ: Դա, իհարկե, ամենևին չի նշանակում լիակատար հրաժարում ներքին հաղորդակցությունից: Բայց դրանում, ըստ ամենայնի, տևական ժամանակ չեն կիրառվի կտրուկ միջոցառումներ, և ամեն ինչ կտեղավորվի դիրքային պայքարի տրամաբանության շրջանակում:
Պատճառն, ամենայն հավանականությամբ, այն է, որ թե՛ Արևմուտքի, թե՛ Ռուսաստանի համար այս ժամանակաընթացքում պարզվեց մի բան՝ Հայաստանի ներքին սուբյեկտները, ինչ դիրքավորում էլ որ նրանք ունենան,- խոսքը բնականաբար, այսպես ասած, առաջատար, հիմնական կազմի քաղաքական խաղացողների մասին է,- բացարձակապես ունակ չեն լուրջ մարտավարական և ռազմավարական ծրագրեր ում նույնիսկ հուսալի գործիք լինել, ուր մնաց ստեղծագործ գործընկեր: Սա մի կողմից լավ է` նկատի ունենալով այն, որ այդ դեպքում Հայաստանի ներքաղաքական կյանքում ապակառուցողականությունը մի փոքր դադարի փուլում կհայտնվի, իսկ մյուս կողմից, սակայն, սա Հայաստանը լիովին զրկում է դիմադրունակությունից, քանի որ չի աշխատում դրա ոչ միայն իշխանական, այլ նաև ընդդիմադիր բաղադրիչը: Իսկ, այսպես ասած, պահեստայինների նստարանն այնքան կարճ է, որ Արևմուտքը կամ Ռուսաստանը չեն դիմի այդ նստարանի հույսին որևէ հեռանկարային բան պլանավորելու քայլին՝մեծ է խաղադրույքը և հետևաբար` տապալման գինը: Այդ պատճառով, առաջիկայում Արևմուտքն ու Մոսկվան կփորձեն Հայաստանի մասով հարաբերությունները պարզել միմյանց հետ, առավել լայն գործընթացների կոնտեքստում, շատ դեպքերում նույնիսկ չխոսելով Հայաստանի մասին և չշոշափելով թեման, բայց, իհարկե, հաստատուն և առանցքային մասով այն ունենալով մտքում:
Սա, իհարկե, բացառիկ աղետալի վիճակ է ցանկացած պետության համար, որը հայտնվել է լրջագույն զարգացումների կիզակետում, ունի կարևոր խնդիրներ՝աշխարհաքաղաքական նշանակության, այդ խնդիրներով հանդերձ հայտնվել է կարևոր դերակատարության շրջափուլում, բայց չունի այդ դերը կատարելու բավարար ռեսուրս: Փոքր պետությունների աղետներն ավելի հաճախ գալիս են հենց այդ իրավիճակից, ոչ թե սխալներից: Փոքր պետությունների համար ճակատագրական պահերն այնքան հստակ տեսանելի ու շոշափելի են լինում՝տարածական, մասշտաբային խաբկանքի հավանականությունն է քիչ, որ վտանգները գոնե ինտուիտիվ առումով զգալի են լինում գրեթե բոլոր սուբյեկտների կամ օբյեկտների համար: Իսկ ահա դրանց հաղթահարման մոտեցումներն ու մեթոդները պահանջում են արդեն այն, ինչ Հայաստանում չկա՝ պետական նշանակության խնդիրները քաղաքական, կուսակցական, խմբակային, անձնական փոխհարաբերություններին ու շահերին ստորադասելու կարողություն և աշխարհի հանդեպ վախի բացակայություն, երբ տարածությունը ոչ թե վախ է բերում, այլ ստեղծագործելու ցանկություն և ազատության զգացողություն:
Այդ տեսանկյունից, Հայաստանին սպասվում է ոչ թե հանգիստ, այլ պարզապես աղետալի ամառ, որովհետև հանգիստ է լինելու միամառ, որի ընթացքում արտաքին մակարդակում լուրջ հարցեր են պարզաջրվելու` կապված Հայաստանի հարաբերությունների հետ՝թե՛ Եվրամիության, թե՛Ռուսաստանի, թե՛ նաև Իրանի ու Թուրքիայի առումով: Եվ երբ ակնհայտ է այդ ուղղություններով դինամիկ զարգացումը, առնվազն տարօրինակ է, երբ խոսվում է հանգիստ ամառվա մասին և դա էլ ընդունվում է որպես սովորական օրինաչափություն: Թեև Հայաստանի դեպքում, վերջին տարիներին ցանկացած փակուղային, աղետալիկամգորշթվացողիրավիճակում, այնուհանդերձ, հստակտեսանելիէլուսավորառնվազնմիկղզյակ, եթեոչթունելիվերջ:
Դա Հայաստանում ակտիվացած մտավոր-քաղաքացիական խավն է, որը տարրալուծված լինելով տարբեր, հաճախ արմատապես հակադիր քաղաքական պատկերացումների, անգամ պատվերների մեջ, տարրալուծված լինելով տարբեր քաղաքացիական ֆորմատներում, իսկ հաճախ էլ լինելով այդ ամենից դուրս, այդուհանդերձ զբաղված է մտավոր աշխատանքով, որն անկախ ծավալներից ու բնույթից, ինչ-որ էներգետիկա, այնուամենայնիվ, ստեղծում է: Եվ չնայած հաճախ նաև բավական բացասական լիցքերով, այդուհանդերձ այդ ամենը կենդանության փոքր, բայց էական բաղադրիչ է հաղորդում իրավիճակին: Հաճախ, իհարկե, այդ ամենում լինում են դրսևորումներ, մտքեր, անգամ գծեր, որոնք ստիպում են մտածել, որ լռությունը երբեմն ավելի նախընտրելի ու օգտակար է, այդուհանդերձ, ընդհանուր առմամբ, լավ է, որ այդ մասշտաբում մշտապես կան քննարկումներն ու հակադրությունները, ինչը հիմք է ստեղծում, որ անկախ տարվա եղանակից, Հայաստանում չանջատվի մի կարևոր բան՝ուղեղը:







































