Հուլիսից սկսած մեր հայրենակիցները սկսում են մտածել իրենց հանգիստը կազմակերպելու մասին: Եթե նախկինում հնարավորություն կար հանգստանալ միայն Հայաստանի տարածքում, ապա վերջին տարիներին «ջրի ճանապարհ» է դարձել նաև մեր հարևան Վրաստան գնալը: Ի դեպ, երբեմն Վրաստանում հանգստանալը շատ ավելի մատչելի է, քան Հայաստանում:
«Առաջին լրատվական»-ը համեմատեց Հայաստանի և Վրաստանի մի քանի հանգստավայրերի գները: Մինչ դրանք ներկայացնելը՝ նշենք, որ և՛ այստեղ, և՛ այնտեղ կան և թանկ, և էժան հանգստավայրեր, բայց եթե մնալու վայրի և ուտելիքի վճարին գումարենք այն հանգամանքը, որ Վրաստանում կա ծով, իսկ այստեղ՝ ոչ, ապա միանշանակ ավելի ձեռնտու է այնտեղ հանգստանալը:
Ծաղկաձորի «Վիարդո» հանգստյան գոտում ամենափոքր քոթեջը նախատեսված է չորս անձի համար: Այն ունի 2 ննջարան, սանհանգույց, շուրջօրյա տաք և սառը ջուր. մեկ օրվա արժեքն է 35.000 դրամ:
Աղվերանի «Պարկ Ռեզորթ Աղվերան» հանգստյան տանը երկու տեղանոց համարն արժե 22.000 դրամ, եթե այնտեղ մնում ես 3 օրից ավելի, ապա 19.000 դրամ, մեկ երեխան՝ անվճար, գումարն իր մեջ ներառում է նաև նախաճաշ: Հանգստյան տունն ունի մանուկների համար նախատեսված խաղահրապարակ:
«Կապուտակ Սևանում» հանգստանալու գները տարբեր են՝ 22.000 դրամ, 25.000 դրամ և 32.000 դրամ: Առավել էժան տարբերակը գտնվում է այլ մասնաշենքում, սակայն ինչպես և մյուսները՝ իր մեջ ներառում է նախաճաշ: 25.000 դրամ արժողությամբ սենյակը գտնվում է հիմնական մասնաշենքի առաջին հարկում, չունի պատշգամբ, իսկ 32.000 անոց սենյակը՝ երկրորդ, երրորդ, չորրորդ հարկերում և ունի գեղեցիկ պատշգամբ: Սենյակները նախատեսված են երկու անձի համար, մինչև վեց տարեկան երեխան՝ անվճար:
Նշենք, որ Սևանի հանգստավայրերում գները տարբեր են՝ կան ավելի մատչելի և կրկնակի թանկ հանգստյան տներ:
Այժմ ներկայացնենք Վրաստանի հանգստյան տների գները:
Նախ նշենք, որ հանգստավայրի արժեքը կախված է ծովից հեռավորությունից. ծովին մոտ գտնվողները շատ ավելի թանկ են, քան մյուսները: Նշենք նաև, որ հայերը հիմնականում հանգստանում են Վրաստանի երեք քաղաքներում՝ Բաթում, Ուռեկի և Քոբուլեթի: Հանգիստն առավել մատչելի է Քոբուլեթիում, փոքր-ինչ ավելի թանկ՝ Ուռեկիում (կապված բուժիչ ավազի հետ) և Բաթումում, որը վերջին տարիներին վերանորոգվել և բավականին գեղեցիկ քաղաք է դարձել:
Բոլոր երեք վայրերում էլ հանգիստը կարելի է անցկացնել և՛ հյուրանոցներում, և՛ մասնավոր մարդկանց սեփական տները վարձակալելու միջոցով. բնականաբար՝ երկրորդ տարբերակը շատ ավելի մատչելի է: Ծովին մոտ գտնվող այդպիսի տներում մեկ անձի համար մեկ օրվա արժեքը հայկական դրամով՝ սկսվում է 3000-4000 դրամից, որը, բնականաբար, իր մեջ ներառում է միայն մնալու արժեքը: Մի փոքր ավելի լավ պայմաններով տների արժեքն ավելի թանկ է՝ սկսած 5000 դրամից:
Քոբուլեթիի Chveni EZo հյուրանոցում, օրինակ, երկտեղանոց համարն արժե 22.000 դրամ, իսկ Ուռեկիի Golden Fleece հյուրանոցում երկտեղանոց համարը մեկ գիշերվա համար արժե մոտավորապես 35.000 դրամ: Բաթումում հյուրանոցների գները ևս փոքր-ինչ թանկ են, սակայն առանձին մարդկանցից վարձակալելով հնարավոր է մեկ գիշերվա համար նվազագույնը վճարել 3000-4000 դրամ:
Նշենք նաև, որ դեպի Վրաստանի տարբեր քաղաքներ են տեղափոխում բարձրակարգ միկրոավտոբուսներ՝ սկսած 12.000 դրամից:








































