Անօթևան կենդանիների համաշխարհային օրը (International Homeless Animals Day) նշվում է օգոստոսի երրորդ շաբաթ օրը: Այն օրացույցի էջերում է հայտնվել Կենդանիների իրավունքների միջազգային կազմակերպության նախաձեռնությամբ՝ հայտնում է calend.ru-ն:
Կազմակերպությունը այդ առաջարկությամբ հանդես է եկել 1992թ.: Նախաձեռնությանը աջակցել են տարբեր երկրների՝ կենդանիների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպություններ:
Այս օրը ոչ թե տոն է, այլ առիթ՝ ուշադրություն հրավիրելու անօթևան կենդանիների խնդիրներին ու մեծ թվով մարդկանց ներկայացնելու նրանց ողբերգական ճակատագիրը:
Այս օրը ողջ աշխարհում տեղի են ունենում իրազեկման և բարեգործական միջոցառումներ: Կամավորները կազմակերպում են համերգներ և աճուրդներ, որոնցում հավաքված միջոցները ուղղվում են անօթևան կենդանիների օգնությանը, առաջին հերթին՝ շների և կատուների:









































