El’-Shark թերթին տված հարցազրույցի ժամանակ Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարել է, որ չնայած Սիրիայի նախագահ Բաշար Ասադի վարչակարգի հարցում Թուրքիայի ու Ռուսաստանի միջև առկա տարաձայնություններին, Մոսկվան ու Անկարան ձգտում են վերականգնել նախաճգնաժամային հարաբերությունների մակարդակը՝ հենված փոխադարձ վստահության վրա։
Չավուշօղլուի խոսքերով՝ Անկարան մնում է այն կարծիքին, որ Բաշար Ասադը պետք է կարճ ժամանակում լքի Սիրիայի քաղաքական ասպարեզը. «Ասադի հետ անհնար է իշխանափոխության իրական անցումային գործընթացը, թեև ռուսներն այլ կերպ են կարծում։
Թուրքիան հանդես է գալիս Սիրիայում քաղաքական անցումային գործընթացի, այդ երկրի ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության օգտին։ Ես վստահ եմ, որ Ասադը պետք է հեռանա, իսկ նոր կառավարությունում ներկայացված պետք է լինեն երկրի բոլոր քաղաքական ուժերը»։








































