Գերմանիայի ՆԳՆ ղեկավար Թոմաս դե Մեզյերը հանդես է եկել հօգուտ երկրում մուսուլման կանանց բուրքա կրելու մասնակի արգելքի: Այս մասին նա ասել է ZDF հեռուստաալիքի եթերում դաշնային հողերից իր գործընկերների հետ երկօրյա հանդիպման արդյունքներով:
«Մենք միասնական ենք այն հարցում, որ ուզում ենք այդ առաջարկն ամրագրել իրավաբանորեն. դեմքը պետք է ցույց տալ այնտեղ, որտեղ մեր հասարակության մեջ ապրելու համար դա անհրաժեշտ է՝ հարկայինում, պետական հաստատություններում, զագսերում, դպրոցներում և համալսարաններում, պետական ծառայության ժամանակ և դատարանում»,- ասել է դե Մեզյերը:
Նախարարը հավելել է՝ «դեմքը փակող փարանջան հարմար չէ մեր բաց երկրի համար»:
Բուրքան մուսուլմանական երկրներում կանանց հագուստի տեսակ է, որն ամբողջովին փակում է մարմինն ու դեմքը՝ թողնելով նեղ բացվածք աչքերի համար:









































